Սպարապետ Վազգեն Սարգսյանը 20-րդ դարի վերջի եւ 21-րդ դարի հսկաներից մեկն է։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի 60-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիշատակի եւ ոգեկոչման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Սրանից 60 տարի առաջ Արարատյան դաշտի փոքրիկ գյուղում ծնվել է մի հրաշք մանուկ, որի անունը եղել է Վազգեն: Այդ հրաշք մանուկը հոյակապ հայկական ընտանիքում ստացել է իսկապես հայեցի կրթություն: Եթե եղել եք իրենց տանը, նկատել եք, որ ամեն օր իր պատուհանից տեսել է իր երազանքը՝ Մասիս սարը: Այդ հրաշք մանուկը 20-րդ դարի վերջի եւ 21-րդ դարի հսկաներից մեկն է՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը: Այսօր տոնում ենք նրա ծննդյան 60-ամյակը: 10 տարի հետո կտոնենք 70, հետո 80, 90, 100-ամյակը, բայց միշտ կմնա երիտասարդ, 40 տարեկան Վազգեն Սարգսյանը՝ մեր ազգային հսկաներից մեկը»,–նշեց նա։
Արմեն Սարգսյանը շեշտեց՝ ոչ միայն ճանաչել է Վազգեն Սարգսյանին, այլ նաեւ լավ ընկերներ են եղել։
Հարցին՝ այսօր կա՞ հնարավորություն՝ կերտելու այն Հայաստանը, որ երազում էր Վազգեն Սարգսյանը, նախագահը նշեց. «Այո, իհարկե կա, վստահ եմ, որ կա»։
Հոկտեմբերի 27-ի բացահայտելու գործող իշխանությունների պարտավորության մասին հարցին Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ Հոկտեմբերի 27-ը պետք է ստանա արժանի պատմական գնահատականը, իսկ պատմականի մեջ մտնում է նաեւ իրավականը»։
Հարցին՝ համաձա՞յն է արդյոք սպարապետի եղբոր՝ Արամ Սարգսյանի այն կարծիքի հետ, որ Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի այն դեպքում, երբ Ռուսաստանի իշխանությունը փոխվի, Արմեն Սարգսյանը հրաժարվեց պատասխանել. «Չեմ կարող Արամ Սարգսյանի ասածները մեկնաբանել»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:
Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:











