Հոկտեմբերի 27-ի բացահայտումն անհրաժեշտ է մեր երկրի անվտանգության տեսանկյունից։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի 60-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիշատակի եւ ոգեկոչման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին փոխնախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Որեւէ խոչընդոտ որեւէ գործի բացահայտման համար չկա, պարզապես կան առանջնահերթություններ, հերթով», – նշեց նա։
Հարցին՝ համաձա՞յն է արդյոք Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի այն կարծիքի հետ, որ Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի այն դեպքում, երբ Ռուսաստանի իշխանությունը փոխվի, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Արամ Սարգսյանը նկատի է ունեցել, որ Հոկտեմբերի 27-ի ետեւում կարող են լինել շատ հզոր աշխարհաքաղաքական ուժեր»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կիսում է այդ կարծիքը, Հոկտեմբերի 27-ի ետեւում կային աշխարհաքաղաքական ուժեր, նա նշեց. «Հայաստանը պետք է դառնա այնպիսի երկիր, այնքան հզոր եւ այնպիսի ինքնիշխանությամբ, որ իր երկրում տեղի ունեցած ցանկացած հանցագործություն բացահայտի, Մարտի 1 թե Հոկտեմբերի 27, մենք ունենալու ենք այդ բացահայտումները»։











