Գործող իշխանությունները հողեր հանձնելու թեմա բացարձակ չունեն, ընդհակառակը՝ երկրի անվտանգությունը ամրապնդող գործընթացի մեջ են։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի 60-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիշատակի եւ ոգեկոչման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին փոխնախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Հարցին՝ իր կարծիքով ինչի հետ է կապված հողեր հանձնելու մասին խոսակցությունները, նա նշեց. «Ով որ միտինգներ է անում եւ հողերը հանձնելուց է խոսում, իրենց պիտի հարցնեք, թե ով է այդպիսի բան իրենց ասել։ Ռոբերտ Քոչարյանն էլ էր մեկուսարանից երեկ մտահոգված, բայց իր ժամանակ ոնց որ թե բանակցում էին փոխզիջումային տարբերակների մասին, ինչպես Սերժ Սարգսյանը, բայց նոր իշխանությունները դեռ չեն սկսել բանակցությունները, հիմա ճանաչողական պրոցես է գնում»։
Անդրանիկ Քոչարյանը շեշտեց՝ Հայաստանը չի կարող խոսել փոխզիջումների մասին, քանի դեռ Ադրբեջանը իր զիջումների մասին ոչ մի տող չի ասել. «Փոխզիջում տեղի է ունենում 2 կողմից, մինչդեռ Ադրբեջանը իր զիջումների մասին ոչ մի տող չի ասել, ինչպե՞ս կարող է Հայաստանը զիջումներից խոսել»։
Հայաստանցի եւ ղարաբաղցի բաժանումներն ու շահարկումները, նա եւս արհեստածին է համարում եւ կարծում է, որ ուղղորդվում են ինչ–որ կենտրոնից։ «Ես զգում եմ, որ ինչ–որ ուժեր անընդհատ փորձում են շահարկել այն, ինչ չկա։ Այս շահարկումները կարող են վտանգավոր լինել մեր անվտանգության առումով։ Այս շահարկումները ձեռնտու են բոլոր նրանց, որոնք չեն ցանկանում ուժեղացող Հայաստան տեսնել»,–եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։











