Ինձ եւս որպես ՀՀ քաղաքացի եւ պատգամավոր հետաքրքրում է, թե ում նկատի ուներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր օտարերկրյա գործակալների մասին։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«Ես՝ որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ այնքան կարեւոր գործեր ունեմ եւ չեմ կարող հիմա նստել, մտածել, թե ով է շպիոն։ Դա իմ գործառույթների մեջ չի մտնում։ Եթե Մարդու իրավունքների հանձնաժողովի գործառույթների մեջ «ԱԺ կանոնակարգով» կավելացվի գործառույթ՝ բացահայտել քաղաքական գործիչ՝գործակալներին, ես այդ խնդրով կզբաղվեմ», – նշեց նա։

Հիշեցնենք, որ Սպահանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ չպետք է թույլ տալ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ: