ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է բավականին ծանր վիճակում եւ չի բացառվում, որ ներքին հեղաշրջում տեղի ունենա։ Այս մասին ասյօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։
«Դրա հիմնական մասնակիցներն են՝ ՀԱԿ–ը՝ Լեւոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, Սորոսի հիմնադրամով աշխատող բոլոր ՀԿ–ները, որոշ աղանդավորական շարժումներ»,–նշեց նա։
Իսագուլյանը շեշտեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմինակիցների կողմից որոշակի աշխատանքներ են տարվում տարբեր դեսպանների, քաղաքական գործիչների, հիմա նաեւ զինվորականների հետ. «Իր թիմում գտնվող հատկապես Լեւոն Տեր–Պետրոսյանի կողմնակիցները հստակ ամեն տեղ լուր են տարածում, որ իրենց ամբողջ նպատակն է Փաշինյանին ու նախկին իշխանություններին հակադրել իրար հետ, հասցնել նրանց հյուծման, ապա որոշել, թե ով է իշխանության իրական տերը: Այս աշխատանքները տարվում են տարբեր դեսպանների, քաղաքական ուժերի, հիմա նաեւ զինվորականների հետ»։
Իսագուլյանն իրեն ապահովագրեց՝ նշելով, որ սա իր դիտարկումների արդյունքն են:
Նա վստահ է՝ Փաշինյանը հայտնվել է աքցանի արանքում, իսկ դրան գումարվել է նաեւ արտաքին քաղաքական որոշ խնդիրներ, որոնք բավականին բարդ են. «Նիկոլ Փաշինյանին ներքաշել են մի խաղի մեջ, որն ի սկզբանե պարտված խաղ է: Վերջում պարզվելու է, որ մարտի 1-ի հիմնական մեղավորը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, նրա թիմը: Նիկոլ Փաշինյանը փոխանակ բանակցելու նրանց հետ, որոնք 20 տարի փայլուն բանակցություն են վարել, հիմա բացարձակ անտեղյակ լինելով հայտնվել է Ալիեւի եւ համանախագների արանքում, որոնք Փաշինյանի ասածները օգտագործում են հենց իր դեմ»,–հավելեց Իսագուլյանը։











