Ինձ հետ հարաբերվելիս չպետք է առաջնորդվել դեմագոգիկ հայտարարություններով, քանի որ ես մարդ եմ, որ միշտ փնտրում է եւ ելքեր է առաջարկում։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Ազգային ժողովում իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Գեւորգ Գորգիսյանի ելույթին, որտեղ վերջինս նշում էր, որ Հայրապետյանը մեղադրում է ԼՀԿ–ին ու ԲՀԿ–ին քաղաքացու շահերից չառաջնորդվելու մեջ։

«Ես ընդամենը ասում էի, որ քաղաքական մեծամասնությունը ողջունում է այն բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որ բխում է քաղաքացու շահերից»,–նշեց նա։

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ ինքն ցանկանում է նոր քաղաքական մշակույթ բերել, երբ իշխանությունն ու ընդդիմությունը կարող են միասնական օրենքի նախագիծ պատրաստել. «Պարոն Աբովյան,  դուք ինձ մոտեցաք եւ ես ինքս անմիջապես մեծ ուրախությամբ ողջունեցի ձեր քայլը, որ բանակի հետ կապված է եւ ինքս առաջարկեցի պարոն Գորգիսյանին, որ միասին այդ օրենքը գրենք, իսկ ինչ է՝ մտածում եք քաղաքական մեծամասնությունը չի կարող այդ օրենքը գրել ու ընդունել։ Ես ասում եմ՝ եկեք քաղաքական մշակույթ բերենք, հանրությանը ցույց տանք, որ տարատեսակ օրենքներ կարող ենք միասին գրել, կանգնում ասում են, որ ես կոռտեկտ չեմ եղել ու մեղադրել եմ»,–նշեց նա։

Ելույթի վերջում Մխիթար Հայրապետյանը հորդորեց պատգամավորներին սթափվել. «Խնդրում եմ սթափվեք գոնե տեսախցիկներից, ամեն ինչ ձայնագրված է, սա ի՞նչ բան ա»։