Արցախը գտնում է, որ ինքը պաշտոնական կողմերի համաձայնությամբ երբեք դուրս չի եղել բանակցային փուլից. մենք մեր կողմից հաստատում ենք դա: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Նա նկատեց, որ Արցախի իշխանությունների հայտարարությունը, որտեղ նրանք նկարագրում են բավականին տրամաբանական եւ ինստիտուցիոնալ. «Արցախը միշտ եղել է բանակցային ֆորմատում՝ սկսած 1992 թվականի Բիշքեկի համաձայնագրից»:
Դիտարկմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ կար կետ, որ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի հսկողության ներքո. դա արդյոք մտահոգիչ ձեւակերպում է, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «2009 թվականը եղել է ամենավատը Հայաստանի համար, որովհետեւ մենք ունեցել ենք ոչ լեգիտիմ նախագահ՝ Սերժ Սարգսյանը: Եվ այն ժամանակ, ցանկացած արտաքին ուժ օտագործում էր դա ի շահ իրեն եւ ի դեմ Հայաստանի: Եվ հիշում եք, այն ժամանակ Սերժ Սարգսյանի РТР-ին տված հարցազրույցը, որտեղ ինքը նշում էր, որ գրեթե պատրաստ էր 5 շրջան վերադարձնել: Մեր իշխանությունը գտնում է, որ 2009 եւ 2012 թվականների առաջարկությունն ավարտվել է: Դա գտնվում է դիվանագիտական արխիվում, եթե ոչ՝ աղբարկղում»:
Իգիթյանն ասաց՝ դրանք անտրամաբանական ձեւակերպումներ են եւ իրենք կաշխատեն, որ նման հիշատակություններ այլեւս չլինեն:
«Ես զարմանում եմ, որ Հայաստանում որեւէ քաղաքական ուժ մեկնաբանում է այնպես, ինչպես՝ Ադրբեջանը, սակայն դա կարեւոր չէ: Կարեւորն Մինսկի խումբը ֆիքսում է, որ առայժմ կողմերը պատրաստ չեն բանակցությունների եւ պետք է պայմաններ ստեղծել, որ այդ բանակցությունները շուտ սկսվեն»:











