ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սրճարանում առերեւույթ գողություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019թ. հունվարի 1-ին՝ ժամը 22:55-ին, ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Երեւանի Կողբացի փողոցում գործող սրճարանում իր պայուսակից հափշտակվել է դրամապանակը: Նույն օրը՝ ժամը 01:10-ին, նույն սրճարանում դրամապանակի գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել նաեւ մեկ այլ քաղաքացուց:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է սրճարանում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

«Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ: