Իհարկե, ապրիլի 2-ին անհրաժեշտ է պատշաճ կարգով հարգել 2016թ․ ապրիլյան պատերազմում ընկած զինվորների հիշատակը, սակայն ես վստահ չեմ, որ այդ օրվա ճանաչումը, որպես զոհերի հիշատակի պաշտոնական օր, ճիշտ որոշում կլիներ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի առաջարկությանը։
Վարչապետի խոսքերով, այդ հարցում պետք է զգուշավորություն ցուցաբերել։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում եւ ներքաշված է այնպիսի հակամարտության մեջ, որի դեպքում սրացումները պարբերաբար են տեղի ունենում։ «Այո, 2016թ․ ապրիլի 2-ից մեզ մոտ շատ լուրջ եւ մեծ լարվածություն է, սակայն մինչ այդ նույնպես եղել են լարվածություններ, որոնց հետեւանքով մենք նույնպես զոհեր ենք ունեցել։ Ցավոք, մենք այժմ էլ զոհեր ունենք»,- պարզաբանել է Փաշինյանը։











