53–ամյա Անուշավան Մկրտչյանն այսօր՝ ապրիլի 4–ին Էջմիածնից Երևան էր եկել՝ կառավարության առջև իր բողոքը հայտնելու։ NEWS.am-ի հետ զրույցում Անուշավան Մկրտչյանը պատմեց, որ 20 տարուց ավելի չի կարողանում ապացուցել պատկան մարմիններին, որ ինքը հաշմանդամություն է ձեռք բերել արցախյան պատերազմում։
«1992թ.–ին Ես Մոսկվայում էի՝ ապահով վայրում, որ լսեցի կռիվը սկսվեց, թողեցի հետ եկա, ասացի՝ որտեղ ընկերներս, այնտեղ ես»,– պատմեց նա։
Նրա խոսքով՝ որպես կամավոր եկել է Հայաստան։ 1994թ. հունվարի 5–ին Հորադիզում կռվի ժամանակ վիրավորում է ստացել եւ հաշմանդամություն ձեռք բերել, բայց զինվորական գրքույկում համապատասխան նշումները չկան, ինչ էլ որ կա, չի համապատասխանում իրականությանը, եւ այսօր որպես պատերազմի մասնակից՝ պետության կողմից համապատասխան գումար չի հատկացվում իրեն։
«Զինվորական գրքույկս ամբողջությամբ կեղծ է, առաջին հայացքից ճիշտ է երեւում, բայց չի համընկնում այն պատմությանը, որ եղել է ինձ հետ։ Չի երեւում, որ զինկոմիսարիատն ինձ ուղարկել է ու անտեսել, որ պայմանագրային կռվող եմ եղել...»,–ասաց Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ վիրավորումից հետո ոչ ոք չի հետաքրքրվել, թե այդ ընթացքում որտեղ է եղել, ինչպես է բուժվել եւ ինչ գումարով։
Անուշավանն ամուսնացել է 44 տարեկանում, 2 անչափահաս տղա ունի՝ 7 եւ 2 տարեկան, ծախսերը մեծ են, թոշակը չի բավականացնում կենցաղային ծախսերը հոգալու համար։
Հեղափոխությունը Անուշավանի մեջ հույսեր է արթնացրել, որ գուցե նոր կառավարությունը կվերականգնի արդարությունը, մի քանի անգամ նամակով դիմել է վարչապետին, հեռախոսազրույց ունեցել նրա աշխատակազմի ներկայացուցչի հետ, բայց որևէ արձագանք չկա։ Վստահ է, որ իր դիմումները վարչապետին չեն հասնում։
«Հիմա, որ այդ նույն բանը իր տղային հետ պատահեր, կանե՞ին, թույլ կտա՞յին։ Տեսնում են բողոքողը հասարակ մարդ է, հետեւում մարդ չկա, արխային ինչ ուզում, անում են։ Չի կարելի մարդկանց մեջ տարբերություն դնել»,– ասաց նա։











