Արդեն շուրջ 5 ժամ է՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը։
NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ դատավորները հայտարարության տեքստ են պատրաստում։ Այս պահին ընթանում է տեքստի համաձայնեցումը։ Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցող դատավորների թիվը ընթացքում ավելացել է՝ հասնելով 170-ի։
Նշենք, որ արտահերթ նիստը հրավիրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հրամանով։
Նախնական տեղեկություններով՝ նիստի ընթացքում դատավորները կքննարկեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով մայիսի 20–ին Հանրապետության դատարանների մուտքերն եւ ելքերը արգելափակելու գործողություններն ու դրան հաջորդած վարչապետի հայտնի ելույթը։
Նշենք, որ Հայաստանում ներկայումս կա գործող 234 դատավոր։
Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Հիշեցնենք, որ մայիսի 20–ի առավոտից Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը եւ ելքերը։
Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ եւ ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։ Այս գործողություններին հաջորդեցին քաղաքական գործիչների, իրավապաշտպանների եւ տարբեր միջազգային տարբեր կառույցների հայտարարությունները, որոնք դատապարտում էին դատական համակարգին միջամտելու գործադիրի քայլերը՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին վերադառնալ իրավական դաշտ։











