Եթե այդպիսի առաջարկ կա, որ պատգամավորներին էլ վեթինգի ենթարկել, կարող ենք քննարկել, ես խնդիր չունեմ ընդհանրապես: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես որեւիցե խնդիր չունեմ որեւիցե պաշտոնյայի հետ կապված վեթինգ կիրառելու հարցում: Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ Հայաստանում ամենահարուստ մարդիկ, իրենց 90 տոկոսը եղել են պետական պաշտոնյաները ու հասկանալի է, թե որտեղից այդ գումարը»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ Freedom House միջազգային կազմակերպության հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենքանը ՀՀ իշխանությանը մեղադրել է պոպուլիզմի մեջ՝ նշելով, որ հետհեղափոխական Հայաստանում վտանգը միշտ այն է եղել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգլորվի դեպի պոպուլիզմ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Այն վերափոխումները, որ տեղի են ունենում Հայաստանում, ակնհայտ են, վերափոխվել է գործադիր իշխանությունը, օրենսդիր իշխանությունը, այսօր եւ վաղը կվերափոխվի դատական իշխանությունը, որից ՀՀ քաղաքացիները դժգոհ են: Այսինքն, եթե ասում ենք, որ քաղաքացիները դժգոհ են դատական համակարգից, դա նշանակում է պոպուլի՞զմ: Ինձ մոտ ամեն օր գալիս են մարդիկ դատական վճիռներով, որից ակնհայտ է, որ ոչ միայն մարդու իրավունքներն են խախտվել, այլ բոլոր հնարավոր իրավունքները: Այդ գործերը գնում են Եվրոպական դատարան եւ ՀՀ-ն իր բյուջեից ստիպված  է  լինում գումար վճարել»:

Նիկոլ Փաշինյանը կգլորվի դեպի պոպուլիզմ. Նեյթ Շենքան