Ալեն Սիմոնյանի կարծիքը ինձ համար նշանակություն չունի։ Այս մասին այսօր՝ այիսի 28–ին Սարդարապատում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ իրենց դեղին քարտ է ցույց տալիս մի ուժ, որին ժողովուրդը կարմիր քարտ է ցույց տվել։

«Դաշնակցությունը մի քաղաքական ուժ է, որը  կերտել է Հայաստանի Հանրապետությունը, մի ուժ, որը գոյություն ունի 130 տարի, հետաքրքիր է, իր քաղաքական ուժը երեք տարի հետո որտե՞ղ կլինի» ,–ասաց նա։

Արթուր Խաչատրյանը վստահեցրեց, որ Դաշնակցությունը հավատարիմ է մնացել այն արժեքներին, որն ի սկզբանե որդեգրել էր։

Դիտարկմանը, թե նախկին իշխանությունների հետ կոալիցիա կազմելով արդյոք հավատարի՞մ էր մնում այդ արժեքներին, Խաչատրյանը պատասխանեց.

«Պետք է ազնիվ գտնվել և տեսնել նախորդ իշխանության օրոք Դաշնակցության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք այսօր շարունակվում են։ Ուրեմն պետք չէր այդ դեպքում կառավարության ձեռքբերումների 100 կետի մեջ նշել, օրինակ համայնքներին տրվող սուբվենցիաները, որը մեր առաջարկն էր»,–ասաց նա նկատելով որ եթե նախորդ իշխանություններն այդքան կոռումպացված էին, ինչու՞ են նրանք այսօրվա կառավարությունում։

«Մեզ ասում են դուք համագործակցել եք նախորդ իշխանություններ հետ, ասում ենք այո, այդ համագործակցության արդյունքում ծրագրեր են իրականացվել , որոնք այս կառավարությունը շարունակում է»։