Ապարանում այսօր՝ մայիսի 28–ին Բաշ-Ապարանի հերոսամարտում տարած հաղթանակի տոնակատարության ժամանակ շնորհավորական ելույթով հանդես եկավ Քննչական կոմիտեի նախկին նախագահ, «Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը։

«Շնորհավորում եմ ձեզնից յուրաքանչյուրին այս խանդառվառության համար, հերոսությունների համար, ձեր ուրախության, երջանկության համար, շնորհավորում եմ ձեր ստեղծագործական աշխատանքը, ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրը հենց հիմա նայի իր ոտքի տակ, կտեսնեք կանաչ ծիլեր։ Երբեք մի մոռացեք, որ այդ ծիլերը վեր են բարձրացել ձեր ոտքերի տակ թափված հերոսների արյան շնորհիվ։ Խնդրում եմ, պահե՛ք, պահպանե՛ք, խնամե՛ք այդ ծիլերը, որովհետեւ եթե չորանան այդ ծիլերը, կչորանա նաեւ այս հերոսների արյունը։ Շնորհավորում եմ բոլորիդ, եղեք երջանիկ»,–իր ելույթում ասաց Աղվան Հովսեփյանը։

Նշենք, որ այսօր Ապարան են այցելել կառավարության  ներկայացուցիչները՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։ Ավինյանին Ապարանում ուղեկցում են ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: