2019 թվականը շրջադարձային է IUNetworks ընկերության համար։ Այս տարի ընկերությունը նշում է գործունեության 10-ամյակը։
10 տարիների ընթացքում ընկերությանը հաջողվեց ոչ միայն իրականացնել բացմաթիվ նախագծեր, այլ նաև գրավել առաջատար դիրքեր ծրագրավորման ոլորտում։
«Այս տարիների ձեռքբերումն այն է, որ կարողացանք մեր ծրագրավորողների շնորհիվ ստեղծել մեր հայկական պրոդուկտները, որոնց միջոցով համարձակություն ունեցանք մասնակցել միջազգային մրցույթերի եւ ունենալ հաջողություններ եւ հաղթանակներ»,- նշեց IUNetworks ընկերության տնօրեն Վահրամ Մերանգուլյանը:
Ըստ Մերանգուլյանի՝ ծրագրավորման եւ ՏՏ ոլորտում մրցակցությունը բավականին մեծ է, բայց ընկերությունն իր գործունեությամբ ապացուցել է իր մրցունակությունը. «Մրցակցել ենք շատ ճանաչված ընկերությունների հետ ինչպես ԱՊՀ-ից, այնպես էլ Ավստրիայից եւ Ավստրալիայից»:
IU Networks-ը նաեւ մասնակցել է միջազգային տենդերների և հաղթող է ճանաչվել Տաջիկիստանի և Ղրղզստանի պետական ծառայությունների էլեկտրոնային կառավարումն ապահովող ծրագրերի միջազգային մրցույթներում:
«Կարեւորում եմ IUNetworks ընկերության գործունեությունն այն առումով, որ այն առումով, որ ընկերությունը սետեղծում է սեփական արտադրանք: IUNetworks-ը կարողանում է ստեղծել միջազգային կարգի արտադրանք, փորձարկել, բերել ամենալավ վիճակի եւ արտահանել: IUNetworks-ի այդ փորձը շատ կարեւոր է»,- նշեց առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր (ԱՏՁՄ) տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նշենք, որ 10 տարիների ընթացքում բոլոր ծրագրերը բացառիկ ստեղծվել են ընկերության հայ մասնագետների կողմից, իսկ ընկերության աշխատակիցների թիվը 10 աշխատկցից հասել է 230-ի: Ընկերությունը ձեռք է բերել Հայաստանի պետական ավտոմատացված լուծումների ամենամեծ մատակարարի ճանաչում (ծրագրային լուծումներ ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության համար): Տարիների ընթացքում ընկերությունը կյանքի է կոչել 200-ից ավել նախագիծ, սպասարկել՝ 100-ից ավել հաճախորդ եւ ձեռք բերել 50-ից ավել միջազգային գործընկեր:
IUNetworks-ի հիմնական ուղղությունը ծրագրավորումն է, որն իր մեջ ներառում է պետական համակարգի ավտոմատացումը, «էլեկտրոնային կառավարություն» նախագիծը և հեռահաղորդակցության ոլորտում մասնավոր հատվածի հետ աշխատանքը: Եվրոմիության կողմից ֆինանսավորվող և IU Networks ընկերության կողմից մշակվող «ԵՄ-ն Հայաստանին․ աջակցություն էլ-կառավարմանը» ծրագրի լուծումների շնորհիվ հայտատուն կամ տնտեսվարողը կարող են «մեկ պատուհանի» սկզբունքով իրականացնել հայտերի հանձնման և թույլտվությունների ստացման բոլոր գործառույթները: Այս ծրագիրը IU Networks ընկերությունն իրականացնում է նաև ռումինական, ռուսաստանյան և բելառուսական ընկերությունների հետ կոնսորցիումով։
Լինելով առաջատար պետական ծրագրերի ավտոմատացման հարթակում՝ IU Networks ընկերությունն ունի մշակված լուծումներ նաև մասնավոր սեկտորի համար: Օրինակ՝ հեռահաղորդակցության և հաճախորդների սպասարկաման ոլորտում: 2019 թվականի մարտ ամսին UNetworks ընկերությունը լոնդոնյան Call & Contact Center համաշխարհային էքսպոին ներկայացավ իր Contact Center և SupportBot լուծումներով, որոնք կոչված են նվազեցնելու հաճախորդների սպասարկաման կենտրոնների ծախսերը և մեծացնելու աշխատանքի արդյունավետությունը:
Հայկական կապիտալով հիմնված ընկերությունը ներառված է Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում: IUNetworks-ը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս մեկ տասնյակից ավել ՏՏ և հեռահաղորդակցության, վաճառքների և սպասարկման, անշարժ գույքի և մատակարարման ոլորտում աշխատող ընկերությունների՝ ավելի քան 3000 աշխատակիցներով։ 2018 թվականին «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ որպես պատասխանատու բիզնես, ՀՀ պետական բյուջե է փոխանցել ավելի քան 13 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 27 միլիոն դոլար) հարկային վճարումների տեսքով











