7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր երկու անգամ չընտրելու պատճառը երեւի այն է, որ թեկնածուները չեն բավարարում պատգամավորներին։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ներկայացվում են թեկնածուներ, լինում են ելույթ, հարցուպատասխան, եզրափակիչ ելույթ, որից հետո պատգամավորները գալիս են, իրենց ստացած տպավորությունը արտահայտում են քվեարկության տեսքով։ Պատճառը երեւի այն է, որ չեն բավարարում պատգամավորներին։ Այս գումարման խորհրդարանում սա 2-րդ դեպքն է։ Հիմա կտեսնենք՝ այստեղ օրինափաչություն տեսնելու անհրաժեշտություն առայժմ չեմ տեսնում»,- նշեց նա։

Հարցին՝ ի՞նչ տպավորություն ստացավ ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանից, ԱԺ նախագահը կարճ պատասխանեց. «Շատ դրական»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինքն էլ է կարծո՞ւմ, որ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին պետք է հաջորդի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը, նա ասաց. «Ես չեմ կարծում, որ Աժ նախագահը պետք է հայտարարություն անի Սահմանադրական դատարանի անդամի, այդ թվում՝ նախագահի պաշտոնում պաշտոնավարողի վերաբերյալ»։

Ընդդիմության դժգոհությանը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարության առնչությամբ, թե իրենք 1 ամիս է սկսել են քննարկումները վեթինգի շուրջ, Միրզոյանն ասաց. «Տիկին Մակունցը նկատի է ունեցել անցումային արդարադատության տարբեր գործիքների մասին, իսկապես մենք այդ մասին ամիսներ շարունակ քննարկումներ ենք ունեցել, խնդրում եմ նկատի ունեցեք, որ խոսքը մի թեմայի մասին է, որը բոլորովին կամ մեծամասամբ անծանոթ է եղել լայն հանրությանը եւ նույնիսկ քաղաքական շրջանակներին, նույնիսկ մասնագիտական շրջանակներին, այդտեղ շատ նեղ մասնագիտացում է պետք, եւ մենք մեծ հաշվով կարողացել ենք ծանոթանալ նրան, ինչ անվանում են անցումային արդարադատություն եւ դրա գործիքներին, այդ թվում վեթինգին։ Հիմա արդեն որոշումներ կայացնելու ժամանակն է»։