Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշում կայացրեց Կոտայքի մարզի վարչական տարածքում գտնվող Դ. Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» եւ Խ. Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման եւ փորձաքննության նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Մշակույթի նախարարությանը հատկացնել 9,144 մլն դրամ:
Հարցը ներկայացրեց մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:
Նա նշեց, որ Դավիթ Բեջանյանի հեղինակած «Ճանապարհաշինարարներին» արձանը (1978 թվական, ունի նորահայտ հուշարձանի կարգավիճակ), եւ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանը, որոնք տեղադրված ենք եղել Երեւան-Սեւան միջպետական ճանապարհին, բնակլիմայական պայմանների եւ հատկապես մշակութային վանդալիզմի արդյունքում խիստ վնասվել են:
Տարիների ընթացքում արձանների արտաքին տեսքն ամբողջությամբ խաթարվել է, մետաղական հատվածները թալանվել են. վերջնական կորստից փրկելու համար երկու արձաններն էլ տեղափոխվել են հատուկ պահպանության տարածք:
Նշյալ արձանների վերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով նախ անհրաժեշտ է կազմել գիտանախագծային եւ նախահաշվարկային փաստաթղթեր, որն իրականացնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում:
Դավիթ Բեջանյանի հեղինակած «Ճանապարհաշինարարներին» արձանն ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում, իսկ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանը չունի կարգավիճակ: Երկու արձաններն էլ հանդիսանում են պետական սեփականություն:
Ղարիբյանի խոսքով, Դ. Բեջանյանի «Ճանապարհաշինարարներին» եւ Խ. Հակոբյանի «Արձագանք» արձանները, որոնք խորհրդային ժամանակաշրջանի մշակութային ժառանգության բացառիկ նուշներ են եւ ունեն բարձր գեղարվեստական արժեք, այսօր գտնվում ենք կորստի եզրին:«Ներկայացվող նախագծի շրջանակներում կկազմվի վերականգնման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գիտանախագծային եւ նախահաշվարկային փաստաթղթերի փաթեթը, որի հիմնական նպատակը վերոնշյալ մոնումենտալ քանդակների վերականգնումը եւ հայաստանյան պատմամշակութային ժառանգության պահպանությունը եւ սերունդներին փոխանցումն է»,-ասաց նա:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւոր համարեց այս քայլը՝ նշելով, որ ՀՀ տարածքում պետք է վերականգնվեն այն սիմվոլները, որոնք խորհրդանշում են ստեղծարար կյանքը Հայաստանում. «Ամեն անգամ երբ անցնում են այդ ճանապարհով եւ Չարենցավանի բարձունքի վրա տեսնում եմ այդ կմախքը, դա մեր պրոբլեմների սիմվոլն է: Մենք դա անպայման պետք է վերականգնենք: Մենք պետք է նախագծենք, որ այդտեղ պետք է ոստիկանական պահակակետ լինի, որովհետեւ եթե չեմ սխալվում, այդ արձնը մեկ անգամ վերականգնվել է եւ շատ արագ թալանվել է բոլորիս աչքի առաջ: Կոնկրետ «Ճանապարհաշինարարներ» արձանը այն արձաններից է, որ շատ մեծ զբոսաշրջային հետաքրքրություն է ներկայացնում»,-ընդգծեց Փաշինյանը:











