Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակիչները արդեն 10 րոպե է, որ բացել են Երեւան-Գյումրի միջպետական ճանապարհը. Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը հանդիպել է ցուցարարներին: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, NEWS.am-ին հայտնեց համայնքի բնակիչ Ռադիկ Ամիրխանյանը:

Նշենք, որ բնակիչները արդեն 1 օր է, որ փակել էին պահում միջպետական ճանապարհը եւ բողոքում էին ոռոգման ջրի բարձր սակագնից: Բնակիչը պատմեց, որ ՋԿ-ի նախագահի եւ բնակիչների միջեւ կար պայմանավորվածություն, որ ըստ մշակաբույսերի՝ սահմանվելու է հստակ նորմ, իսկ առվույտների ոռոգման ջրաչափերի ստուգումը իրականցնելու է գյուղապետը եւ համայնքի մի քանի բնակիչներ.

«Քանի որ մեր հողերը գերնորմատիվային են, ընդառաջ գնացին մեզ, առայժմ պլանային գնով են հաշվարկելու, առվույտի 1 հեկտարի համար վճարելու ենք առավելագույնը 15 հազար դրամ»,- ասաց բնակիչը եւ ավելացրեց, որ իրենց գոհացրել է ՋԿ-ի նախագահի առաջարկած տարբերակը:

NEWS.am-ի հետ զրույցում համայնքի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանն ասաց, որ ոռոգման ջրի սակագնի հարցը քննարկել են ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի հետ.

«Մենք մինչեւ այսօր տեղյակ չենք եղել, որ հատուկ սահմանված նորմ գոյություն ունի մշակաբույսի համար: Իրենք աչքաչափով տվել են այդ ջուրը, հիմա մենք ունենք ջրաչափ սարք: Մի հատ ակունքում ենք դնելու, մի հատ էլ ջրվորի մոտ: Վստահ եմ, որ այս տարբերակով, ջրի գինը չի գերազանցի 15 հազար դրամը»,- ասաց համայնքապետը:

Հիշեցնենք, որ Արագածավան համայնքի բնակիչները արդեն 3 ամիս է՝ բողոքում են ոռոգման ջրի սակագնից: Մի քանի անգամ բնակիչները փակել են միջպետական ավտոճանապարհը: Նախորդ ակցիայի ժամանակ Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը հանդիպել էր բնակիչների հետ եւ խոստացել հարցին արագ լուծում տալ: