Մենք ուղիղ 11 օր առաջ ունեինք համարժեք իրավիճակ, բայց այն ժամանակ մեր ոստիկանությունը չմիջամտեց ՀՀ դատարանների արգելափակմանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:
Նշենք, որ ՎԵՏՕ շարժումը ակցիա է իրականացնում «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց՝ փորձելով արգելափակել շենքը:
Ռուբեն Մելիքյանը նկատեց. «Այստեղ ոստիկանությունը միջամտեց եւ օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացրեց: Մեր օրենսդրությունը բոլորի համար արգելում է շենքերի արգելափակումը: Բայց էստեղից մենք հետեւություն ենք անում, որ 11 օր առաջ մեր ոստիկանությունը կարող էր նույնպես թույլ չտալ, որ դատարանների շենքերն արգելափակվի եւ չիրականացրեց իր պարտականությունը:
Ինչ վերաբերում է ակցիային, ես չեմ ուզում մեկնաբանություններ տալ դրա քաղաքական բովանդակությանը»,-ասաց նա:
Մելիքյանը նշեց, որ չի մասնակցում ակցիային, այլ եկել է հետեւելու, թե ինչպիսի գործողությունների է դիմում ոստիկանությունը. «Մենք տեսնում ենք տասնյակ ոստիկանների, եւ մենք չէինք տեսնում տասնյակ ոստիկանների 11 օր առաջ դատարանների շենքերի մոտ:
Ես հնարավորություն չեմ ունեցել հետեւել գործողություններին: Ես ոստիկանական ուժերի մասնակցության թիվն եմ գնահատում: Այստեղ խնդիրն այն է, թե ինչ գործողություններ են թույլ տալիս եւ ինչ գործողություններ թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին: Եթե թույլ չեն տալիս շենքերն արգելափակել, դա նշանակում է, որ մեր ոստիկանությունը գտնում է, որ մեր օրենսդրությունը թույլ չի տալիս շենքեր արգելափակել: Եթե մեր ոստիկանությունն այդպես է գտնում, ինչո՞ւ նույն բանը չէր գտնում 11 օր առաջ: Ինչ-որ բա՞ն փոխվեց այս 11 օրվա ընթացքում, թե՞ դա իշխող քաղաքական ուժի հրահանգն էր, եւ մեր ոստիկանությունն անզոր էր դա իրականացնել, բայց օրենքը, ինչպես մեր վարչապետն է նշում, բոլորի համար պետք է հավասար կիրառվի: Այսօր մենք հավաստիացանք, որ օրենքը բոլորի համար հավասար չի կիրառվում»,-ընդգծեց նա:











