ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովի նիստին Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ուր է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ում զեկույցի վերաբերյալ պատգամավորները ելույթ էին ունեում։ «Ես կարծում եմ՝ սա արհամարհական վերաբերմունք է ԱԺ–ի նկատմամբ։ Ես գտնում եմ, որ դուք պետք է ապահովեք նրա ներկայությունն այստեղ»,–նշեց Մարուքյանը։

Ալեն Սիմոնյանը համաձայնեց Մարուքյանի հետ, որ Ջավադյանը ներկա պետք է լիներ այդ նիստին, սակայն հորդորեց ծայրահեղ գնահատականներ չտալ։

Մարուքյանի դժգոհությանը միացավ նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Եվ մինչ Ալեն Սիմոնյանը եւս մեկ անգամ կասեր, որ ինքը եւս համաձայն է այդ նկատողության հետ, Ջավադյանը մտավ դահլիճ։