Հունիսի 26-ին, մետրոյի «Գործարանային» կայարանի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանին է մոտեցել մի քաղաքացի եւ հայտնել, որ անհայտ անձը մի տղամարդու է հարվածել, նրանից հափշտակել է գումար, բջջային հեռախոս եւ դիմել փախուստի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողներն անմիջապես արձագանքել են, հետապնդել եւ բռնել քաղաքացու նկարագրած անձին:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբն ու պարզել, որ տղամարդը նախ փորձել է բացել Բագրատունյաց պողոտայում կայանված «Օպելի» դուռը, սակայն հանդիպելով մեքենայատիրոջ դիմադրությանը` նրան խփել գցել եւ գրպանից հափշտակել է 75 հազար դրամ, բջջային հեռախոս ու դիմել է փախուստի:

Քրեական հետախույզները 27-ամյա տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է գողոնը:

Քիչ անց հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը «ճակատային շրջանի պատռած վերք, այտի եւ քթի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել «Օպելի» վարորդին:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

27-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: