Երեւանի մետրոյի «Գործարանային» կայարանի տարածքում հունիսի 26-ին, ժամը 13-ն անց 40-ի սահմաններում ոստիկանին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ ինչ-որ մեկը մետրոյի կայարանի հարակից ավտոկայանատեղիում մի տղամարդու է հարվածել, նրանից հափշտակել գումար, բջջային հեռախոս և փախել 3-րդ մասի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության ծառայողներն անմիջապես արձագանքել են, հետապնդել և բռնել քաղաքացու նկարագրած անձին:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբն ու պարզել, որ տղամարդը նախ փորձել է բացել Բագրատունյաց պողոտայում կայանված «Օպելի» դուռը, սակայն հանդիպելով մեքենայատիրոջ դիմադրությանը` նրան խփել-գցել և գրպանից հափշտակել է 75 հազար դրամ, բջջային հեռախոս ու փախել:

Քրեական հետախույզները 27-ամյա տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է գողոնը:

Քիչ անց հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը «ճակատային շրջանի պատռած վերք, այտի և քթի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել «Օպելի» վարորդին:

Տուժողից ընդունվել է հաղորդում: 27-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: