Մանվել Գրիգորյանին նման վիճակում պահելով կալանքի տակ, փորձում են նրա հետ հաշվեհարդար տեսնել։ Նման կարծիք այսօր՝ հունիսի 28–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ վերջերս Մանվել Գրիգորյանին հետազոտել է հոգեթերապևտը և նրա մոտ տասնյակից ավելի հիվանդություններ ախտորոշել։

«Մանվել Գրիգորյանի մոտ կա ստրեսային խանգարում, անկայունություն. նման պայմաններում բժիշկը խորհուրդ չտվեց նրա հետ նուրբ թեմաների մասին խոսել»,–ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝  իր պաշտպանյալը ներկայումս գտնվում է անդամալույծի կարգավիճակում։

Հիշեցնենք, որ  Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակություններ կատարելու և 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

ԵԿՄ վարչության նախկին նախագահը ներկայումս բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։