Եթե Սահմանադրության տեքստը լեցուն է հակասություններով, այն վերածվում է ռուսական ռուլետկայի եւ իմաստը կերցնում: Գերմանիայից իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օտտո Լուհթերհանդտն այս մասին ասաց «Հայաստանի Սահմանադրությունը. կարմիր եւ կանաչ գծեր» համաժողովի ժամանակ, որը կազմակերպել է «Իրավական ճանապարհ» հասարակական կազմակերպությունը։ Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը։

1993-94 թվականներին պրոֆեսորը մասնակցել է Հայաստանի Սահմանադրության ստեղծմանը, «երբ Հայաստանում ցուրտ ու մութ» էր, հիշեցրեց նա: Սակայն պրոֆեսորը չի մասնակցել երկրի հիմնական փաստաթղթի վերջնական տարբերակի ստեղծմանը, չնայած ավելի ուշ մշտապես կապ է պահպանել հայկական կողմի հետ: Նրա խոսքով՝ 1995 թվականից մինչ օրս Սահմանադրության զարգացման իմաստով Հայաստանի ճանապարհը տպավորիչ է: «Դա հասկանալու համար պետք է նայել Ադրբեջանի եւ ՌԴ սահմանդրությունները»,- հավելեց պրոֆեսորը:

Նա Հայաստանում է  մասնակցելու համար սահմանադրական իրավունքի ամառային դասընթացին. «Սա այս թեմայով արդեն երրորդ դասընթացն է: Հիմա մեր առարկան է պետական մարմինների կարգավորման իրավունքը: Դասընթացի մասնակիցները բացառիկ տպավորություն են գործում եւ նրանց հետ աշխատելը հաճույք է»:

Հայաստանի Սահմանադրական դատարանն արդյոք լեգիտի՞մ է, հարց հնչեցրեց պրոֆեսորը՝ հիշեցնելով, որ հարցը ծագել է ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո: Պրոֆեսորը հիշեցրեց, որ հարցը կարգավորվում է Սահմանդրության անցումային դրույթները կարգավորող մասի 231-րդ հոդվածը: «Սահմանդրության անցումային դրույթները պետք է ապահովեն դրա միասնականությունը եւ բացառեն ներքին հակասությունները: Ինչպես նաեւ ապահովեն Սահմանադրության նորմերի հաջորդականությունը: Սահմանադրությունը մեկնաբանելու համար անհրաժեշտ է այն դիտարկել որպես միասնական փաստաթուղթ: Եթե Սահմանադրության տեքստը լեցուն է հակասություններով, այն վերածվում է ռուսական ռուլետկայի եւ իմաստը կերցնում: Սա անհրաժեշտ պայման է»,- նշեց պրոֆեսորը՝ հավելելով, որ հանդիպում են 2005 եւ 2015 թվականների Սահմանադրության մասին պնդումներ, ինչը սխալ է: Կա 1995 թվականի հուլիսի 5-ի Սահմանադրություն եւ 2005 ու 2015 թվականների փոփոխություններ:

Վերադառնալով 231-րդ հոդվածին՝ նա նշեց, որ այո, հոդվածը նշում է ոչ թե ՍԴ անդամների, այլ դատավորների մասին: Նրա խոսքով՝ միջազգայնորեն ընդունված են Սահմանադրության մեկնաբանման 4 դասական մեթոդներ՝ տառացիորեն, պատմական, համակարգային, նպատակաբանական: Բայց կա նաեւ 5-րդը՝ սահմանադրությունների համեմատությունը: Պարզաբանելու համար պրոֆեսորը բոլոր մեթոդները կիրառեց 231-րդ հոդվածի օրինակով: Ընդհանուր առմամբ, պրոֆեսորը հակված է կարծելու, որ Սահմանադրությունը ենթադրում է ՍԴ անդամների եւ դատավորների միասնական ըմբռնում եւ առիթ չի տալիս կարծելու, որ տարբեր անվանումները ենթադրում են տարբեր գործառույթներ: