Ազգային անվտանգության ծառայությունը կեղծ թղթադրամների պատրաստման եւ իրացման դեպք է հայտնաբերել։ Հաղորդումը ստացել են Երեւանի դեղատներից մեկից, որտեղ քաղաքացին փորձել է իրացնել կեղծ թղթադրամները։ ԱԱԾ աշխատակիցները պարզել են, որ քաղաքացին տպարանում պատվիրել է 10000 դրամանոց թղթադրամների տպագրություն, եւ որպեսզի կասկածներ չհարուցի, թղթադրամների ներքեւի հատվածում պատվիրել է նշել՝ տպագրված է նկարահանման համար։ Այնուհետեւ թղթադրամների վրայից գրառումները կտրել է եւ դրանք իրացրել Երեւանում եւ տարբեր մարզերում։ Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են լազերային տպիչ սարքեր եւ 368 հատ 10000 դրամանոց կեղծ թղթադրամ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչներից մեկը բռնվել է կաշառք ստանալիս։ Մի կնոջ նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար տեսուչը նրանից պահանջել է երկու ամսվա նպաստը՝ 56000 դրամ։ Ոստիկանության աշխատակիցները նրան բռնել են կաշառքը վերցնելու պահին եւ բերման ենթարկել։ Հարուցվել է քրեական գործ։
Այսօր կայացել է գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական հերթական նիստը, որին Գրիգորյանը առողջական վիճակի պատճառով կրկին չի մասնակցել։ Նիստին ներկա էր նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, որը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերին։ Նա պնդել է, որ չի ճանաչում Աշոտ Իսախանյանին, որը Մանվել Գրիգորյանին մեղադրում է 22 օր իրեն առանձնատան նկուղում պահելու եւ խոշտանգելու համար։ Նազիկ Ամիրյանը պնդում է, որ Իսախանյանը ստում է, եւ որ նշված ժամանակահատվածում Մանվել Գրիգորյանը եղել է մարտի դաշտում։
Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար՝ Լեւոն Երանոսյանի հարազատների մասնակցությամբ ծեծկռտուքի գործը կարճվել է։ Ապրիլի 7-ին Կոմիտասի պողոտայում վիճաբանություն էր տեղի ունեցել Երանոսյանի որդու եւ փեսայի մասնակցությամբ։ Տուժողը ոստիկաններին հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել Երանոսյանի տղան եւ փեսան, ինչից հետո երկուսի նկատմամբ էլ մեղադրանք էր հարուցվել։ Դատախազությունից հայտնում են, որ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։
2019 թ․-ին կտրուկ աճել է Հայաստանից Ռուսաստան ներգաղթողների թիվը։ Եթե 2018 թ․-ի առաջին 4 ամիսներին մեր երկրից Ռուսաստան էր մեկնել 4900 ներգաղթյալ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 12800։ Ռուսաստանում հաշվել են, որ այս տարի ամենից շատ աճել է Հայաստանից եւ Ուկրայինայից ժամանած ներգաղթյալների թիվը։
Ամռան տապին Երևանը շարունակում է մնալ աղբի ճիրաններում։ Քաղաքապետարանին դեռևս չի հաջողվում հաղթահարել մայրաքաղաքի աղբի ճգնաժամը։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն այսօր բարի լուր է գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Քաղաքապետարանի ձեռք բերած նոր աղբատար մեքենաներից եւս երկուսը հասել են Երեւան եւ շաբաթվա ընթացքում կսկսեն աշխատել։ Նրա խոսքով՝ այսօր տեղ կհասնի նաեւ աղբարկղների առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ։
Երեւանի կենտրոնում նախօրեին երեկոյան միջադեպ է գրանցվել տրանսգենդերի մասնակցությամբ։ Վերջինս քաղաքացու հետ վեճի է բռնվել, միջամտել են ոստիկանները։ Ականատեսներից մեկը պատմել է, որ տրանսգենդերը էլեկտրաշոկով վնասել է քաղաքացուն։ 3 մարդ բերման է ենթարկվել։ Ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Այսօր համացանցում ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտման երկու տեսանյութ է տարածվել։ Դրանցից մեկում երեւում է, թե ինչպես են Աջափնյակում երկու վարորդ «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներով դրիֆթում՝ երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներով։ Ոստիկաններն արդեն հայտնաբերել են իրավախախտներին եւ ենթարկել վարչական պատասխանատվության։
Մյուս տեսանյութում էլ խախտում են կատարում նորակոչիկներին ուղեկցող մեքենաների վարորդները։ Այս միջադեպի մասնակից մեքենաների 11 վարորդներ նույնպես հայտնաբերվել եւ ենթարկվել են վարչական պատասխանատվության, եւս մի քանիսի նկատմամբ հայտարարված է հետախուզում։
Մեծ Բրիտանիան նոր վարչապետ ունի։ Իշխող՝ Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրություններում հաղթել է Բորիս Ջոնսոնը, հետեւաբար նա էլ վարչապետի պաշտոնում կփոխարինի Թերեզա Մեյին։ Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Թերեզա Մեյը հրաժարական էր ներկայացրել, պատճառը՝ Եվրամիութնունից դուրս գալու՝ այսպես կոչված Բրեքսիթի նախաձեռնության տապալումն էր։ 55-ամյա Բորիս Ջոնսոնը, որը նախկինում Լոնդոնի քաղաքապետն էր, թեեւ մեղմացրել է իր դիրքորոշումը Բրեքսիթի առնչությամբ, այնուամենայնիվ, հայտարարել է, որ մինչեւ հոկտեմբերի 31-ը Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրամիության կազմից։
Եվրոպային տապի երկրորդ ալիքն է սպասվում՝ պատմության ամենաշոգ հունիսից ընդամենը մի քանի շաբաթ անց։ Օդային տաք հոսանքի ներթափանցման հետեւանքով ջերմաստիճանը եվրոպական մի շարք երկրներում միջինից բարձր է 10 աստիճանով։ Լոնդոնում եւ Փարիզում ջերմաստիճանն արդեն ռեկորդ է սահմանել։ Մեծ Բրիտանիայում ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է այս հինգշաբթի՝ մոտ 39 աստիճան, նույն օրը Ֆրանսիայում կգրանցվի մինչեւ 42 աստիճան տաքություն։ Ջերմային ալիքը կհասնի նաեւ Բելգիա, Գերմանիա եւ Շվեյցարիա, ինչպես նաեւ Սկանդինավյան երկրներ։
Այս տարի Տիրոջ Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը, կնշվի հուլիսի 28-ին։ Այդ օրը ժամը 11-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո եկեղեցիների տարածքում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ։ Կլինեն ժողովրդական պարեր, երգեր, հյուրասիրություն եւ, իհարկե, ավանդական ջրոցին։
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն էժանացել է եւս 2 դրամով։ Դոլարի փոխարժեքը կազմել է 476, եվրոյինը՝ 532, բրիտանական ֆունտինը՝ 592, ռուսական ռուբլունը՝ 7.54 դրամ։
Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը Հայստանում կնվազի 4-5 աստիճանով: Երեւանում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +36+38:











