Բացառվում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի նկատմամբ ճնշումները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Էդգար Առաքելյանը մեկնաբանություն տվել է այդ մասին, եւ լրացուցիչ որեւէ բան չկա ավելացնելու, ինչ վերաբերում է ճնշումներին, իհարկե, նման բան չկա, բացառվում է: Նա ինքը ներկայացրել էր իր դրդապատճառները դրա հետ կապված, չէր մասնավորեցրել, թե ինչ կարգի, մասնավորապես ասել էր, որ քաղաքականության զբաղվելու համար որոշակի հատկությունների մասին էր խոսել, որը չէր մասնավորեցրել, թե ինչի մասին է»,-ասաց նա:
Մակունցն ասաց, որ ինքը հանդիպել է արդեն նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանի հետ, վերջինս որեւէ լրացուցիչ բան չի հայտնել իրեն: Խմբակցության ղեկավարը անիմաստ համարեց տեղի ունեցածը պառակտում համարել, այլ նշեց, որ դա նորմալ գործընթաց է:
«Ոչ միայն Ամուլսարի, այլ նաեւ տարբեր հարցերի հետ կապված մեր խմբակցությունում կան տարբեր կարծիքների, տեսակետների բախում, որը պառակտում որակելը ես ճիշտ չեմ համարում: Նորմալ է, եթե մենք ասում ենք, որ չպետք է լինի այսպես ասած կոճակ սեղմողների խմբակցություն։ «Իմ քայլը» խմբակցությունում կան տարբեր կարծիքներ, տարբեր դիրքորոշումներ, իրենց դիրքորոշումը այս կամ այն փաստարկներով հիմնավորող մարդիկ, այնպես որ ես շատ ու դրական ու նորմալ եմ համարում այս երեւույթը, պարզապես սովոր չէինք, որ ներկուսակցական քննարկումները հրապարակային լինեին»,- ընդգծեց նա:
Նշենք, որ պատգամավոր Էդգար Առաքելյանը օգոստոսի 29-ին հայտարարել էր, որ վայր է դնում մանդատը:
«Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»,- գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում:











