Մի քանի տարի առաջ փաստորեն «նախաձեռնվեց» Հայաստանի մի շարք բնակավայրերի վերանվանման հարցը։ Լոռու մարզում առաջարկվել է անվանափոխել 28 քաղաքներ եւ գյուղեր, ընդ որում՝ նշվում է երկու պատճառ. անվանումներն «օտար» են եւ «անբարեհունչ»։ Պաշտոնյաների անբարեհաճությանն են արժանացել Ալավերդի, Ախթալա անվանումները, ռուսական ու մոլոկանների մի շարք գյուղեր՝ Մեդովկա, Կրուգլայա շիշկա, Նովոսելցովո, Սարատովկա, Միխայլովկա եւ այլն։ «Օտարների» մեջ է հայտնվել նաեւ գյուղը, որը կրում է ռուս մեծ բանաստեղծի՝ Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին անունը՝ Պուշկինո։ NEWS.am-ի թղթակիցները եղել են Պրիվոլնոյե գյուղում (այն նույնպես ենթակա է անվանափոխման), զրուցել գյուղի բնակիչների հետ նրա խնդիրների ու հեռանկարների մասին։

Այն պահին, երբ ռեպորտաժը գյուղից արդեն պատրաստ էր, տեղեկություն ստացանք, որ ռուսական անվանումներով գյուղերը, հավանաբար, այնուամենայնիվ, չեն անվանափոխվի։ Սակայն առայժմ պաշտոնական հաստատում չի ստացվել։

Վալենտինա Իվանովան Պրիվոլնոյե գյուղի փոստի միակ աշխատակիցն է։ Հինավուրց շենքը, որտեղ գտնվում է փոստի բաժանմունքը, զարդարված է անցյալի ու ներկայի խորհրդանշաններով, երկու ցուցանակներով. հին՝ «Հայկական ԽՍՀ» եւ նոր՝ փայլուն կապույտ։

Վալյա մորաքույրը գյուղի հիմնադիրների հետնորդն է։ Անդրեյ Իվանով պապը եկել է այստեղ 1898-ին ծառայության, ամուսնացել ու այդպես էլ մնացել է։ «Այն ժամանակ գյուղը գրված էր Թիֆլիսի նահանգի վրա, Բորչալուի գավառում»,- ասում է Վալյա մորաքույրը։ Խնդրանքին՝ պատմել ընտանիքի պատմությունը տեսախցիկի առջեւ, թափահարում է ձեռքերը եւ հրաժարվում։ Ի պատասխան խնդրում է. շնիկին չե՞ք վերցնի, թե չէ շատացել են։ Վալյա մորաքրոջ երկու թոռնուհիները լսում են խոսակցությունը՝ ամեն մեկի ձեռքին մի շնիկ։ Վալյա մորաքույրը վեց թոռ ունի, իր իսկ բնորոշմամբ՝ չորս կազակ եւ երկու աղջիկ։ Մի թոռն այժմ ծառայում է Ղարաբաղում։ «Աշխատավարձն ու նպաստը քիչ են, շատ դժվար է»,- հոգոց է հանում Վալենտինա Իվանովան։

Երբեմնի ռուսական  բնակչությունը գյուղում մեծամասնություն էր կազմում։ ԽՍՀՄ փլուզումից հետո գրեթե ամբողջ ռուս բնակչությունը մեկնեց Ռուսաստան։ Մնացին մի քանի տասնյակ ընտանիքներ, հիմնականում ծերերը։

Այստեղ Պուշկինն է եղել...

Պրիվոլնոյե գյուղը սկզբում զինվորական բնակատեղիր էր։ Հիմնադրվել է տասնիններորդ դարի 20-ական թվականներին, երբ Ռուսաստանը սկսեց ակտիվորեն յուրացնել նոր տարածքներ։ Էրզրում ճամփորդելիս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինն այցելել է այս վայրեր։ Այդ իրադարձության վկայություններն են Պուշկինյան լեռնանցք, Պուշկինո գյուղ անվանումները։ Կարծիք կա, որ Պրիվոլնոյե գյուղի անվանումը նույնպես պատկանում է մեծ բանաստեղծին, որը հիացել է լայնարձակ տարածքով։ Այլ տվյալներով՝ գյուղն անվանակոչել են առաջին վերաբնակները, որոնք հարազատներին գրել են, որ նոր վայրում լավ ու ազատ (привольно) են ապրում։

Խորհրդային ավտոարդյունաբերության փառքը

Պրիվոլնոյե մեկնելիս մեզ հաճախ զգուշացնում էին՝ գնացեք բարձր ավտոմեքենայով, ավելի լավ է «Նիվայով»։ Ոչ մի հարմար բան չգտնելով՝ մենք երթուղի գծեցինք՝ հասնել Ստեփանավան, որտեղ մեզ կդիմավորեն եւ կտանեն գյուղ տեղի տրանսպորտով։ «Ամենագնացը» «Ժիգուլին» էր, որի վարորդը՝ Արմենը, վարպետորեն հաղթահարում էր փոսերը, խրամատները եւ ամեն տեսակ այլ խոչընդոտները։ «Ընդամենը տասը կիլոմետր է, բայց քառասուն րոպե ժամանակ է խլում, էլ չեմ ասում նյարդերի մասին»,- փաստում է վարորդը։ Եվ իրոք, ճանապարհին մենք բազմիցս ուրախանալու առիթ ունեցանք, որ քանդված ճանապարհին չենք հայտնվել սովորական մեքենայով։ Ամենահետաքրքիրն այն է, որ ճանապարհը նախկինում արդեն փորձել են նորոգել։ Բայց ինչպե՞ս։ Փող, հավաստիացնում են գյուղացիները, դուրս գրել են, բայց ճանապարհը չեն կառուցել։ Այժմ այն թղթի վրա կա, բայց ամանում չկա։

Ի մեծ ուրախություն գյուղի բնակիչների, արդեն որոշ ժամանակ աշխատում է Ստեփանավան տանող ավտոբուսը, եւ անգամ օրը երեք անգամ։ Մինչ այդ դա էլ չկար։ Ընդ որում՝ անմիջապես շրջկենտրոն՝ Տաշիր, նախկին Կալինինո, տրանսպորտ չի աշխատում, բայց այդ մասին՝ ստորեւ։ Ուղեվարձը մինչեւ Ստեփանավան 400 դրամ է, եւ ավտոբուսը պարզապես փրկություն է ընտանիքների համար, որոնց երեխաները հաճախում են երաժշտական կամ այլ խմբակներ։ Գյուղում դրանք չկան։ «Որքան երկար կդիմանա ավտոբուսը՝ պարզ չէ»,- մտահոգությունները հաստատում է Արմենը։ Եվ այո, ավտոբուսը նույնպես խորհրդային արտադրության է՝ ՊԱԶ, արտասահմանյան մակնիշի մեքենաներն այստեղ չեն «գոյատեւում»։

Գյուղի երեխեքը

1000 բնակիչ ունեցող գյուղի համար երեխաները զարմանալիորեն շատ են։ Տեղի դպրոցում 280 աշակերտ կա։ Կա մարզադահլիճ, հրապարակ։ Ռուսական դպրոցը լիովին վերաորակավորվել է հայկականի, եւ ռուս երեխաներն ու խառնամուսնություններից ծնվածները հաճախում են հայկական դպրոց։ Մանկապարտեզ չունեն։

«Երեխաները շատ տաղանդավոր են , բազմիցս հաղթել են մրցույթներում, այդ թվում հանրապետական մասշտաբի մրցույթներում»,- ասում է գյուղի ակտիվիստ Ռուզաննա Տոմեյանը։ Մյուս ակտիվիստների հետ Ռուզաննան նախաձեռնում է կրթական ծրագրեր, փորձում բարեկարգել գյուղը։

Հոգնելով հյուրերին զննելուց՝ դեռահասների երամը վերադարձավ հիասքանչ զբաղմունքին՝ գնդակ գլորելուն Լոռու կապտապղնձագույն երկնքի տակ։

Միքայել հրեշտակապետի եկեղեցին եւ կղմինդրե տանիքները

Գյուղի մեջտեղում ուղղափառ եկեղեցին է, կրում է Միքայել հրեշտակապետի անունը։ Կառուցվել է 1875 թվականին։ Ժամերգությունը եկեղեցում կատարվում  է տոնական օրերին, երբ գալիս է տեր հայրը Երեւանից կամ Վանաձորից։ Եկեղեցուն հետեւում է մի ռուս կին։

Դռան վերին անկյունում քամուց դողում է ցանցկեն սարդոստայնը։ Եկեղեցում, ինչպես բոլոր եկեղեցիներում, անդորր է ու լռություն։ Խորհրդային ժամանակներում այստեղ պահեստ է եղել։ Թեք, գրեթե նավի «տրապ» հիշեցնող սանդուղքով բարձրանում ենք զանգակատուն։ Աստիճանափայտերը, բազրիքները հինավուրց են։ Զանգակատունը երեք զանգ ունի։ Ամենամեծը անվանական է, վրան ձուլված է՝ Հրեշտակապետ Միքայել, Գյուղ Պրիվոլնոյե»։ Մյուս երկու զանգերն ավելի փոքր են։ Գլխավոր զանգը ժամանակին ցած է նետվել զանգակատնից եւ ճաքել։ Այժմ եկեղեցու շենքն ակնհայտորեն վերանորոգման կարիք ունի։

Քանի որ սկզբում գյուղը բնակեցված էր ռուսներով, պահպանվել են ավելի մեծ թվով ավանդական տներ։ Սպիտակեցված, նրբագեղ, սրտիկներով քանդակազարդված, կարմրադարչնագույն կղմինդրով, հինավուրց փեղկերով տները մի ինչ-որ լուսավոր տպավորություն են թողնում։ Ծեփի գույնը հիմնականում կապույտ է կամ կանաչ։ Ինչպես բացատրում է Ռուզաննան, կղմինդրը նույնպես հին է։ Եթե որեւէ մեկը նորոգում է տանիքը, հանում է կղմինդրը, դնում հիմքն ու նորից հետ տեղադրում կղմինդրը։ Գյուղում ժամանակին անգամ կղմինդրի պատրաստման արհեստանոց է եղել։

Բացի տներից, տարբեր ցանկապատերից ու կղմինդրներից հնության այլ վկայություններ գյուղում քիչ են։ Իհարկե, այստեղ ցայսօր գտնում են հին մետաղադրամներ, բայց ընդամենն այդքանը։ Զիլ 90-ականներին գտնվեցին ձեռներեց մարդիկ, նրանք էլ գնեցին ամբողջ հնությունը՝ մանրանկար սրբապատկերներից մինչեւ փայտե անիվներ։ Պատկերացրեք միայն, այդ շրջանում տունը գյուղում կարելի էր գնել ընդամենը հարյուր դոլարով, իսկ ահա հնագույն սրբապատկերների համար վճարում էին մի քանի անգամ ավելի։ «Ռուսական վառարանները շատ տեղ են գրավում, դրա համար գրեթե բոլորը հանել են դրանք։ Եթե ինչ-որ տեղ մնացել էլ են, ապա փակ տներում»,- բացատրում է Ռուզաննան։ Մասնավոր սեփականության դեմ ոտնձգել մենք չհամարձակվեցինք։

Գյուղում պահպանվել են զորամասերի շենքերը՝ փեղկերով ու պատուհանի տակի նստարաններով։ Ինչն է կարեւոր՝ գյուղում շատ մաքուր է։ Գյուղի մւտքի մոտ խրճիթներով շրջապատված գեղատեսիլ լճակն է՝ ջրային հեծանվով։ Հանգստի գոտին կառուցվել է տեղի բնակիչ Արարատ Մուրադյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով։

Գյուղի բարեկարգման գործում ակտիվ մասնակցություն է ունենում պյատիգորսկցի մեկենաս Վիկտոր Աղաջանյանը։ Դժվար չէ կռահել, որ ծնունդով Պրիվոլնոյեից է։

Խորհրդային իշխանության օրեք Պրիվոլնոյե գյուղը  լավ վարկ ուներ։ Վ.Ի. Լենինի անվան կոլտնտեսությունը միլիոնատիրոջ համբավ ուներ։ Դա Հայաստանում ռուսական սակավաթիվ գյուղերից է, որը կրում է նախկին անվանումն ու գյուղ մուտքի մոտ ցուցանակ ունի ռուսերենով, այդ մասին հոգացել են գյուղից սերածները։ Իսկ հիմա...

Դեպի Տաշիր ճանապարհն ու տարօրինակ ջրատարը

Գյուղացիները հնարավորինս չափ փորձում են զգալ հայրենի Պրիվոլնոյե գյուղի վերածնունդը, իրենց ուժերով փորձում են ազնվացնել գյուղը, գլուխ են կոտրում նոր ծրագրերի ներդրման եւ իրականացման համար: Գյուղը սահմանամերձ է, եւ սահմանի մյուս կողում ադրբեջանական գյուղերն ավելի մոտ են, քան Երեւանը:  

«Մեր գյուղն իր ծագմամբ եզակի է, ունի մաքուր էկոլոգիա: Որոշել ենք զարգացնել գյուղական տուրիզմը: Բերրի դաշտեր, գեղեցիկ տեսարաններ, շռայլ բնություն, աշխատասեր մարդիկ, առատ կաթ, մեղվանոցներ, լեռների օգտակար խոտ. այն ստուգել են շվեյցարացի հոմեոպատները: Այդպիսով կարելի է զարգացնել գյուղական տուրիզմը»,- թվարկում է Ռուզաննան:

Սակայն բազմաթիվ խնդիրներ կան:

Զրույցին ճիշտ պահին միջամտում են գյուղի այլ բնակիչներ:

«Իսկ դուք տեսե՞լ եք մեր ջրատարը»,- ժպտալով հարց է ուղղում Գեւորգ Մանուկյանը: Եվ անմիջապես առաջարկում. «Եթե չեք տեսել, գնանք, ցույց կտամ»: Մենք, իհարկե, համաձայնում ենք:

Պարզվում է, որ ջրատարն արդեն հասցրել է «ճանաչվել», ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի սահմաններում: Իրավիճակը հետեւյալն է՝ սարերից առվակ է հոսում, որը գյուղի շրջապարիսպից «դուրս է մղվում» դեպի խողովակներ: Գյուղից բառացիորեն մեկ կիլոմետր հեռավորության վրա անասուններն արածում են, քամին տարածում է կովի թրիքը, փոշին ու աղբը: Եվ այդ կասկածելի հիմքը գյուղական տներում է հայտնվում «ջրատարի ջրի» տեսքով, որի համար կոնկրետ գումար է գանձվում:

«Իսկ ահա սա ֆիլտր է»,- ցույց է տալիս Գեւորգ Մանուկյանը: Իսկ խողովակի կողքին տիղմ է, ի դեպ, խողովակը մաքրել էին ԶԼՄ-ների նախորդ հրապարակումից հետո:  

Նման ջուր խմելը վտանգավոր է, եւ այդ պատճառով գյուղի բնակիչները ջուրը կամ կրում են տարրաներով Ստեփանավանից, կամ ոչ մեծ աղբյուրներից են օգտվում: Պարզվեց, որ գյուղից 3-4 կմ հեռավորության վրա բավական լավ աղբյուրներ կան, եւ եթե խողովականեր տեղադրվեն, հնարավոր կլինի գյուղը որակյալ ջրով ապահովել:

Գյուղացիները դժգոհում են նաեւ խոշորացման ծրագրից: ԽՍՀՄ փլուզումից հետո ոչ ոք չի կարողանում հասնել մինչեւ շրջկենտրոն (Տաշիր, նախկինում՝ Կալինինո-խմբ.): Այժմ գյուղի ադմինիստրացիա (Սարչապետ) հասնելու համար անհրաժեշտ է Ստեփանավան գնալ, հետո՝ Տաշիր, եւ Նորաշենով հասնել Սարչապետ: Գնալ-գալու համար 100 կմ է պահանջվում, եւ ճանապարհը գրեթե ամբողջությամբ վնասված է:

Ճիշտ է, կա Տաշիր տանող կարճ ճանապարհ, սակայն դրանով գնալու համար մեծ ջանքեր են պահանջվում: Ճանապարհը գրունտային է, իսկ անձրեւների ժամանակ անանցանելի ցեխի է վերածվում:

«Վերջերս այդտեղ «ՄԱԶ» էր խրվել: Եթե թեթեւ մարդատար մեքենան խրվի այստեղ, ինքնուրույն չի կարողանա դուրս գալ»,- մեկնաբանում է իրավիճակը Գեւորգ Մանուկյանը:  

Բացի այդ, որոշ հատվածներում բացակայում է բջջային կապը:

Նախկինում գյուղի ադմինիստրացիայի աշխատակից Գեւորգ Մանուկյանը դիմում է ոչ թե էմոցիաներին, այլ թվերին. «Կաղամբ աճեցնելն անշահավետ է: Կաթ հանձնելը՝ եւս: Քաղաքում ինչքա՞ն է կաթի գինը: Եվ դա այն կաթն է, որը պարունակում է արմավենու յուղ, հավելումներ: Իսկ իրական, լավ կաթն արժե 110 դրամ: Հող մշակելը եւս դժվար է, ողջ գյուղի համար միայն մեկ տրակտոր կա»:

Գյուղի անվան հետ կապված «մտացածին խնդիրը»

Կարծես բնակչության արտահոսքի, ճանապարհների եւ ջրի բացակայության օբյեկտիվ խնդիրները քիչ էին, հիմա էլ Պրիվոլնոյե գյուղի բնակիչները բախվել են գյուղի անվան մտացածին խնդրին:

«Մենք մեր գյուղի անունից գոհ ենք եւ չենք ցանկանում փոխել այն»,- միաձայն ասում են գյուղացիները:

«Մեզ՝ գյուղացիներիս, հետաքրքրում է հետեւյալը՝ Երեւան քաղաքի կադաստրային բաժինը, որը որոշել է եւ տարբերակներ առաջարկել, ծանո՞թ է գյուղի ծագման պատմությանը, նրա մշակույթին, քաղաքականությանը եւ ծրագրերին: Որտե՞ղ եւ ո՞ւմ հետ են նրանք համաձայնեցնում իրենց որոշումը»,- ասում է Ռուզաննան՝ հավելելով, որ միակ տարբերակը, որին իրենք կհամաձայնեն, դա «Ճանապարհաքարոտ» անվանումն է:  

«Իսկ ի՞նչ կփոխվի անվան փոփոխությունից: Ճանապարհներն ավելի լավը կդառնա՞ն: Հնարավոր կլինի՞ հող մշակել: Պետք է աշխատել, այլ ոչ թե անվանումների դեմ կռիվ տալ»,- եզրափակում է Գեւորգ Մանուկյանը: