Գուցե Դավիթ Սանասարյանը Պետական վերահսկողական ծառայության պաշտոնում ինչ-որ մարդկանց խանգարել է, դատավարությունը այս ամբողջը պետք է բացահայտի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը։ 

«Պաշտոնական դիրքի չարաշահումով եթե մոտենանք, նախկին եւ ներկա հարյուրավոր պաշտոնյաներ կան, որ հաստատ շատ ավելի հիմքեր կան մեղադրանք առաջադրելու։

Մենք ականատես ենք լինում, որ փաստարկված չարաշահումներ կան, կաշառակերության դեպքեր կան, օրինակ՝ ԱԳ նախարարը BBC-ի հետ հարցազրույցում ասաց, որ ճամպրուկներով փողեր են տարվել, դե լավ, եթե դա ընդունում է որպես փաստ, ապա ո՞ւմ են տարել, ինչո՞ւ նա առ այսօր դատապարտված չէ։ Մենք գիտենք, որ Դավիթ Սանասարյանը նման գործարքների մեջ չի եղել, իսկ այն կարճ ժամանակահատվածում երբ նա ՊՎԾ ղեկավար է եղել, գուցե ինչ-որ մարդկանց խանգարել է, դատավարությունը այս ամբողջը պետք է բացահայտվի։ Դատարանից ակնկալում մենք, որ անաչառ կլինի, բոլոր փաստերը քննության առնի, իհարկե Դավիթ Սանասարյանի պարագայում պետք է չհասներ դատարան, բայց եթե հասել է, ապա գուցե սա հնարավորություն է, որ այդ ամենը բացահայտվի»,-նշեց նա։

Պապյանի խոսքով՝ կառավարությունում շտապել են հայտարարել, որ կոռուպցիա չկա․

«Կառավարությունում շտապեցին ասել, որ կոռուպցիա չկա, մենք ի վերջո գիտենք, որ դա այսօր էլ կա, գուցե նախկին բրգաձեւը չի, ամենավերեւները չի հասնում, բայց կա։ Կոռուպցիան ավելի լայն հասկացություն է, միայն կաշառակերությունը չի, այն նաեւ պաշտոնական դիրքի չարաշահումն է,օրինակ երբ կառավարությունը նախարարաների աշխատավարձերը բարձրացնելու որոշում է կայացնում, որը հակաօրինական է, հակասահմանադրական է եւ հակաբարոյական է, դա ակնհայտ կոռուպցիոն դրսեւորում է»։