Ես երիտասարդ տարիքում պաշտոններ եմ զբաղեցրել եւ կարծում եմ, որ երիտասարդ լինելն առավելություն է, իսկ երիտասարդության եւ փորձի համադրումը իօդեալական տարբերակն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
«Ավելի կարեւոր է փորձի եւ երիտասարդության համադրումը: Դուք գնում եք ծայրահեղության՝ հակադրելով դրանք»,-ասաց նա:
Հարցին, թե իր համար նորմա՞լ է, որ 25 տարեկանն իրեն ղեկավարի, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Ես 25 չէ, բայց 29 տարեկանում ղեկավարել եմ եւ կարծում եմ դա շատ նորմալ է, եթե ղեկավարը նորմալ է, պատրաստված, պատասխանատվության մեծ զգացում ունի եւ պետականություն կա մեջը»:
Նա համաձայն չէ դիտարկմանը, որ ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարների պաշտոններում քաղաքացիական անձանց նշանակելու հնարավորություն տալով ոստիկանության համակարգը քաղաքականացվում է. «Չէի ասի, թեեւ նման հարցերն ինձ առանձնապես չեն էլ վերաբերվում»:
Հարցին, թե ինչպես է գնահատում, որ այդ հարցի վերաբերյալ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի հայտնած կարծիքից հետո նա ազատվեց աշխատանքից, Սյունիքի մարզպետն ասաց. «Ես չեմ կարող միանշանակ պնդել, դա դուք եք ասում: Միայն Հովհաննես Քոչարյանը գիտի, թե ինչու է ազատվել: Պաշտոնական տեղեկատվության ամաձայն Հովհաննես Քոչարյանն իր դիմումի համաձայն ազատվել է»:











