Ոստիկանությունը ծառայում է օրենքին եւ ծառայելով օրենքին, ծառայում է ժողովրդին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ անդրադառնալով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հայտարարությանը, թե ոստիկանությունը միշտ ծառայում է օրվա իխանությանը:
«Այստեղ թյուրըմբռնման խնդիր կա. ոստիկանությունը ծառայում է օրենքին եւ ծառայելով օրենքին, ծառայում է ժողովրդին»,-ասաց նա:
Անդրադառնալով նախարարների, փոխնախարարների եւ մարզպետների աշխատավարձերի բարձրացմանը, մարզպետն ասաց. «Իմ աշխատավարձը բարձրացել է պարգեւավճարի ձեւով: Դեպքեր են եղել ստացել եմ, դեպքեր են եղել՝ ոչ»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ճի՞շտ էր անում, երբ հեղափոխության օրերին հրահանգ էր տալիս բռնություն կիրառել ցուցարարների, լրագրողների նկատմամբ, ինչին Հունան Պողոսյանն արձագանքեց. «Ես հիշում եմ, ես ընդամենը ձեզ հորդորեցի հատուկ տեխնիկան չնկարել: Եթե դա համարում եք բիրտ ուժի կիրառում, պա չարաչար սխալվում եք: Այսօր էլ ես կպնդեմ, որ չի կարելի հատուկ տեխնիկան, սպառազինությունը նկարել»:











