Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի հարցաքննվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը։
«Օրենքով չի արգելում վկայի կարգավիճակով ցանկացած պաշտոնատար անձի հարցաքննել։ Հրայր Թովմասյանը չի հարցաքննվել։ Մենք գտել ենք, որ մի շարք ապացույցներ կար, որ ըստ 190-րդ հոդվածի ենթակա են ՀՔԾ-ի կողմից քննելու, մենք գործն ուղարկել ենք այնտեղ»,-նշեց նա։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ որպես արդարադատության նախարար պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական լիազորությունները առերեւույթ չարաշահելու վերաբերյալ:Ապա Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ առնչվող քրեական գործը։











