«Քայլ դեպի տուն ծրագիրը հիմնված է նախկին «Արի տուն» ծրագրի վրա. դա լավ ծրագիր է եղել, եւ մենք այն շարունակում ենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նա վստահեցրեց, որ բազմաթիվ հայրենադարձվածներ կան, սակայն թվերի մասով խորհուրդ տվեց դիմել միգրացիոն ծառայություն. «Իհարկե, կան, ես անձանց, ընտանիքների եմ ճանաչում եմ, գիտեմ, որ հայրենադարձվել են: Համար մեկը՝ ես ու իմ ընտանիքն է հայրենադարձվել: Ես այնտեղ պաշտոն ունեի, իմ պաշտոնը 900 մլն դոլարանոց բյուջե ուներ, իսկ այստեղ պայքարում եմ 1․5 միլիոն դոլարանոց բյուջեի համար»,-ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ է ասում, որ իր գործն անշնորհակալ է, Սինանյանը պարզաբանեց. «Անշնորհակալ է այն իմաստով, որ մարդիկ ասում էին՝ ոնց ենք չափելու, որ արդյունավետ եք աշխատել, մենք մյուս տարի ո՞նց իմանանք արդյունքը: Դժվար է ներկայացնել արդյունքները, ի տարբերություն մյուս գերատեսչությունների: Մենք անում ենք աշխատանք, որը շատ երկարաժամկետ է, մենք ստեղծում ենք պայմաններ ավելի մոտ հարաբերությունների, երկարաժամկետ հայրենադարձության, և այդ իմաստով դա դժվար է չափել մեկ տարվա կտրվածքով»:











