Մենք տեղեկություններ ունենք, որ կան բամբասանքներ, որոնք ստեղծելու եւ տարածելու համար որոշ մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծախսում եւ այդ միտքը մեզ, անկեղծ ասած, ոգեւորում է: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որովհետեւ եթե մենք այդ բամբասանքները հերքենք, իրենք ստիպված են լինելու ավելի մեծ փողեր ծախսել նոր բամբասանքներ ստեղծելու վրա: Սա նախկին կոռուպցիոներներին սնանկացնելու բավականին հուսալի ճանապարհ է:
Իհարկե, մյուս ճանապարհի մասին չենք մոռացել, իրավապահ մարմինները պետք է աշխատեն: Բայց նաեւ պետք է ֆրուստրացիայի ենթարկել այն մարդկանց, որոնք թալանված միլիոնները դնում են մեր ընտանիքի մասին բամբասանքներ ստեղծելու, դրանք ֆեյք լրատվամիջոցների միջոցով տարածելու վրա»,-ասաց Փաշինյանը:
Նա հավաստիացրեց, որ ոչ մի բամբասանք անպատասխան չեն թողնելու. «Այնպես որ կոռուպցիոներները թող նորից փողեր հանեն նոր բամբասանքներ հորինելու եւ իրենց լրատվամիջոցներում տարածելու համար: Մենք չենք թողնելու, որ իրենց ծախսած որեւէ կոպեկ արդյունավետ լինի:
Տրամաբանական կլինի, որ դրանց մի մասին անդրադառնանք, մասնավորապես այն անհեթեթ լուրը, որ Աննա Հակոբյանը իբր պետական ինքնաթիռն օգտագործել է որեւէ նպատակով: Դա անհեթեթության գագաթնակետն է, որովհետե Աննան առանց ինձ այդ ինքնաթիռ որեւէ անգամ ոտք չի դրել եւ չեմ կարծում, որ որեւէ մեկը նրան կթողնի իրեն 100 մետր շառավղից մոտենալ դրան»,-ընդգծեց վարչապետը:











