Նպատակը, որ դրվել է այդ նախագծի հիմքում, մի փոքր այլ է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու վերաբերյալ օրինագծին:

Նշենք, որ այդ նախագծով ՍԴ անդամներին հնարավորություն է տրվում մինչեւ հունվարի 31-ը հրաժարական տալ եւ պահպանել իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակը:

«Այդ նպատակների մասին արդարադատության նախարարությունը ներկայացրել է: Ընդ որում, այդ նախագծի շուրջ աշխատել է նաեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի մեր ներկայացուցիչները:Նպատակը ոչ թե վստահության ճգնաժամը լուծելն է, այլ քայլեր ձեռնարկել վստահությունը վերականգնելու եւ ինչ-որ կերպ առողջացման գործընթացին նպաստելու: Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ դատական համակարգի ներսից կատարվող փոփոխություններն ամենախրախուսելին են: Դատական համակարգն ու դատավորները պետք է պատրաստ լինեն որոշակի քայլերի եւ ընդառաջման գնալու: Սա այն տարբերակն է, որը քննարկվել է մեր միջազգային գործընկերների հետ եւ առաջարկվում է օգտվել նաեւ նման հնարավորությունից: Թե որքանով ՍԴ դատավորները կօգտվեն այդ հնարավորությունից, ես չեմ կարող ասել, հնարավոր է, որ որեւէ մեկն էլ չօգտվի: Բայց կարծում եմ՝ սա այն անհրաժեշտ քայլերից է, որ պետք է գործադրել»,-ընդգծեց Մակունցը: