Եթե կա ռիսկ, որ քրեական ենթամշակույթի դեմ ուղղված օրինագծի ընդունումից հետո գոնե մեկ անմեղ մարդ կարող է կեղծ մեղադրանքով դատապարտվել, մենք չենք կարող լինել կողմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Դիտարկմանը, որ կա տեսակետ, որ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց այդ օրինագծին, քանի որ այդ կուսակցությունում կան անձինք, որոնք հարում են այդ ենթամշակույթին, Նաիրա Զոհրաբյանը չհամաձայնեց՝ նկատելով, որ «Լուսավոր Հայաստանը» եւս ձեռնպահ քվեարկեց այդ օրինագծին:
«Այո, եթե կա հանցակազմ, եթե կատարել է հանցագործություն, ապա պետք է դատապարտվի, բայց ենթադրյալ կասկածները չպետք է դառնան քրեական պատիժ»,-ընդգծեց նա:











