Այս պահի դրությամբ ԲՀԿ-ում այդ թեմայով քննարկում չի եղել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՅԴ երիտասարդական միությունը դիմել է ԲՀԿ-ին եւ «Լուսավոր Հայաստանին»՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու առաջարկով:

«Որքան ես տեղյակ եմ՝ ուսանողները դադարեցրել են նստացույցը եւ պատրաստվում են քննարկումների նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Երբ իրենք իրենց քննարկումները կավարտեն, քննարկումների արդյունքները կտեսնենք, միգուցե այդ ժամանակ քննարկենք այդ հարցը:

Բայց որ Արայիկ Հարությունյանի գործունեության մեջ մեզ համար բազմաթիվ մտահոգիչ կետեր կան, դա փաստ է»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նույն խնդրի առնչությամբ նշել էր, որ իրենք արդեն այս նստաշրջանում մեկ այլ նախարարի անվստահություն հայտնելու հարցը դրել են եւ այլեւս իրավունք չունեն օգտվելու նման հնարավորությունից: