Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունները վկայում են մեկ բանի մասին, որ որպես հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շատ լավ մարդ է եղել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Պարոն Սուքիասյանի հայտարարությունը ուրիշ բան է ապացուցում: Իր այսօրվա հայտարարությունից հետո բազում լուսանկարներ զետեղվեցին համացանցում, հայ հասարակությունը Սուքիասյանին հիշեցնում էր` ինչպիսի ջերմ և հպարտ ժպիտով էր նա դիմավորում Սերժ Սարգսյանին «Ռոսիա Մոլի» բացման ժամանակ, օրինակ, եւ այդքանից հետո Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունները վկայում են մեկ բանի մասին, որ որպես հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շատ լավ մարդ է եղել: Այդ քաղաքական հայտարարությունների համատեքստում կարող եմ ասել, որ չափից ավելի լավ մարդ է եղել այդ բոլոր քաղաքական անցուդարձի մեջ եւ մնացածը, կարծում եմ, որ ժամանակը ամեն մեկին իր տեղը կդնի»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք նման կերպ արտահայտվելու պատճառն այն խոսակցություններն են, որ ժամանակին Խաչատուր Սուքիասյանը պաշտոն է ուզել Սերժ Սարգսյանից եւ չի ստացել, Աշոտյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, տեղյակ լինելու դեպքում էլ չէր բացահայտի, քանի որ դա անձնական զրույց է, անկախ նրանից` ինչ քաղաքական վայրիվերումներ են տեղի ունենում:
Հիշեցնենք, որ գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր. «Սերժ Սարգսյանը շատ վատ ընկեր է, որովհետեւ երբ որ երկիրը կառուցվում էր, երբ ինքը Ղարաբաղից եկավ, ես իրեն շատ լավ հիշում եմ: Ինքը իր բոլոր հին ընկերներին մոռացավ: Մինչեւ անգամ ումից ինքն ընդունեց նախագահությունը, նրան էլ մոռացավ»:











