Երբ ես ընտրվեցի վարչապետ, պետք է ձեւավորվեր նոր Հանրային խորհուրդ. եթե հիշում եք, երբ խոսվում էր կադրային ջարդի մասին, ես հայտարարեցի, որ այս նոր պայմաններում յուրաքանչյուրը պետք է ունենա իր շանսը, որովհետեւ մենք նոր էջ ենք բացում Հայաստանի պատմության մեջ եւ չենք կարող ասել, որ այդ էջը բաց է ինչ-որ մեկի համար եւ փակ է ինչ-որ մեկի համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես համարյա զրոյական միջամտություն եմ ունեցել Հանրային խորհրդի ձեւավորմանը, եւ այդ գործառույթը պատվիրակել եմ նախկինում գոյություն ունեցող Հանրային խորհրդին: Այնտեղ եղել են մարդիկ, որոնք եղել են Երրորդ Հանրապետության ձեւավորման ակունքներում, ես պատշաճ եւ պատեհ չեմ համարել, որ առիթն օգտագործեմ եւ օգտվելով իմ ձեռքն ընկած իշխանությունից պաշտոնանկություններ անեմ եւ այլն: Ես հույս եմ ունեցել, որ այդ մարդիկ կօգտվեն այդ շանսից: Դա միայն այդ կառույցին չի վերաբերում: Բայց մենք տեսել ենք, որ շանս տալը ոմանց կողմից էլի ընկալվել է որպես թուլություն»,-հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով, դա նաեւ քաղաքական կուսակցություններում կա. «Ասում են՝ ինձ պաշտոն տուր, թե չէ հեսա ասուլիս կանեմ, պաշտոն տուր, թե չէ հեսա ցույց կանեմ, բիզնեսի ոլորտ տուր, թե չէ հեսա հարցազրույց կտամ ու կասեմ, թե ինչ վատ պրոցեսներ են կատարվում ՀՀ-ում: Էրեխուս գործի ընդունի, թե չէ սենց, թե չէ նենց: Այդ հարաբերությունները չեն կարող լինել: Ինչքան էլ այդ մարդիկ ասուլիս անեն, կիսվեն, 4 մասի բաժանվեն, այդ հարաբերությունը չկա:
Այն հարաբերությունները, որ այ գործիչները ունեցել են հին իշխանության հետ, նոր իշխանությունը դա չի ունենալու: Քաղաքական առեւտրի էջը Հայաստանում փակված է: Սա կառավարություն է, ոչ թե շահերի բորսա, որտեղ մտնում են եւ առուծախի պրոցես է սկսում:
Դրանով զբաղվող մարդիկ, որ շանս են ստացել... ասում են՝ խոզի գլուխը դնում ես գորգի վրա, գլորվում է, ընկնում ցեխի մեջ: Հիմա այն բոլոր խոզերի գլուխները, որ դրվել են գորգի վրա, հերթով գլորվելու են ցեխի մեջ: Սա այնքան ակնհայտ է, որ դա չհասկանալու համար էլի պետք է մեղադրենք մեր կրթական համակարգին»,-ընդգծեց Փաշինյանը:











