Ռուբեն Հայրապետյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ չի տա իրենց ընդհանուր ընկերոջ անունը. «Բա եթե չես տա, իմ անունն ինչի՞ ես տալիս»: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նա դժվարանում է ասել, թե ինչու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել, որ իր տանը ստուգումներ անցկացնելուց առաջ իրենց ընդհանուր ընկերներից մեկի միջոցով ինքը հորդորել է նրան լքել Հայաստանը:

«Ասում է, թե հաց ենք կիսել միասին, հիմա Ձեզ հետ էլ եմ հաց կիսել, մյուսների հետ էլ եմ կիսել, հաց կիսելը քաղաքական կատեգորիա՞ է: Իր հետ ոչ միայն հաց ենք կիսել, այլեւ ընտանիքներով ենք մտերիմ եղել, մեր երեխաներն ինչ-որ ժամանակաշրջանում միմյանց հետ մեծացել են: Այնպես որ, այստեղ քննարկելու թեմա չկա: Հիմա այս ամենն ի՞նչ նպատակ ուներ, վերջին հաշվով, քրեական լեզվով ասած՝ այս «մուտիլովկայի» իմաստը ո՞րն էր:

Մենք միմյանց հետ չենք խոսել, քանի որ բացառվում է, որ նախկին ընկերները խոսելու թեմա  կարող են ունենալ, քանի որ մյուս կողմը հանդես է գալիս զրպարտման լեզվով: Եվ ես, բնականաբար, զբաղեցնելով այս պաշտոնը եւ լինելով որոշակի քաղաքական ու մշակույթի կրող, չեմ կարող պատասխանել զուտ արդեն նախկին ընկերոջ հետ կապված հայտարություններին»,- շեշտեց Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին՝ իրեն Նիկոլ Փաշինյանի թիմի լիարժեք անդամ համարո՞ւմ է՝ հաշվի առնելով Ռուբեն Հայրապետյանի պնդումները, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ Ռ. Հայրապետյանը հայտնվել է «զրպարտանքների եւ խառնակությունների դաշտում» եւ ըստ էության այդ դաշտում էլ չի հաջողել:

«Նման պահվածք նա ցուցաբերեց նաեւ Խաչատուր Սուքիասյանի, Ֆուտբոլային ֆեդերացիայի աշխատակիցների նկատմամբ: Հիմա երեւի որ ֆեդերացիայում ընտրություններ են, իսկ դրա հետ կապված, երբ ինքը կամ թիմակիցները կորցնեն բոլոր գործող լծակները, կարծում եմ՝ մտածում եմ, որ այդ պարագայում ունենալու են շատ լուրջ խնդիրներ: Մեր թիմի ներսում նրա հայտարարության հետ կապված որեւէ խնդիր չի եղել, իմ գործունեությունը եղել է բաց ու թափանցիկ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նա հավելեց, որ Ռուբեն Հայրապետյանը թող լուծի ՀՀԿ-ի թիմի ներսում եղած խնդիրները. «Հիմա նաեւ երեւի Սերժ Սարգսյանի անվտանգության մարմիններում է աշխատում, եւ այնտեղից են սնվում իր դարակազմիկ գաղափարները: Ես որեւէ թիմի անդամ չեմ եղել եւ չեմ փոխել: Ես եղել եմ պաշտոնյա եւ սպասարկել եմ միշտ պետական շահը: Իսկ ինքը պետք  է սասրափի, որ ես պետք է լսեմ իր քաղաքական հոգեհայրիկ Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանը դատապարտված է գալ Ապրիլյանի քննիչ հանձնաժողով»,- շեշտեց Անդրանիկ Քոչարյանը: