ՍԴ նախագահին մեղադրանք է առաջադրվել։ Քաղաքական գործընթաց է, որն իրավունքի հետ աղերս չունի։ «Քրեադատավարական փաթեթավորմամբ քաղաքական հետապնդում է». Թովմասյանի փաստաբանը խոստանում է փակագծերն ասուլիսում բացել։ «Մեր ժամանակի հերոսները». Հրայր Թովմասյանը պնդում է՝ ՍԴ թիրախավորված դատավորները տուրք չեն տալու ճնշումներին։ Ինձ չեն կարող ճնշել. Պնդում է ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։ ՍԴ մեկ այլ անդամ Արեւիկ Պետրոսյանը մերժում է վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկը։ ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է. արդարադատության նախկին նախարարը պնդում է՝ խախտվել է անձեռնմխելիության ինստիտուտը։ Անպարկեշտ առաջա՞րկ, թե՞ մեկնված ձեռքը սեղմելու հորդոր. վաղ կենսաթոշակի մասին օրենքի՝ արդարադատության գործող նախարարի մեկնաբանությունը։ Մեծամասնության քվեն ստանալը իրավունք չի վերապահում լինել անտակտ, ամբարտավան, իրավական նորմերը ոտնահարող. վաղ կենսաթոշակի մասին օրենքն, ըստ Արծվիկ Մինասյանի՝ գեղեցիկ փաթեթավորմամբ մտրակ է։ «Ատելության ու այլակարծության հանդեպ գրոհն  ուղղորդում են իշխանությունները». Լեւոն Քոչարյանը մշակույթի գործիչների դեմ արշավը հանրային պահանջ չի համարում։ «Տուլիկների» սկանդալ Պաշտպանության բանակի զորամասում. հրամանատարը դուրս է նետել ալկոհոլով ծանրոցները եւ թեթեւ պատժի ենթարկվել։ Վարչապետը դիմավորել է ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ռազմական ինքնաթիռները եւ անձամբ փորձել օդաչուի խցիկի հարմարավետությունը։ Գյումրիում Փաշինյանը նաեւ շրջայց է արել եւ հանձնարարել հավաքել լվացքը զբոսաշրջիկների տեսադաշտից։ Կադրեր  ՀՀԿ-ի ամանորյա կորպորատիվից։ Հանրապետականները շնորհավորել են Սերժ Սարգսյանի Նոր տարին։ Երեւանյան երթեւեկության «հմայքը». Բրաբուսի վարորդը նախ մեքենայով է հարվածել առջեւի տաքսուն, ապա՝ ոտքերով՝ դրա տարեց վարորդին։ Նրան բերման են ենթարկել եւ խուլիգանության մեղադրանք առաջադրել։ Փողային հաշիվների պարզում՝ Աշտարակի գերեզմանատանը։ Վեճն ավարտվել է կրակոցներով ու ինքնասպանությամբ։ 

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել։  Հատուկ քննչական ծառայության քննիչը ՍԴ նախագահին առավոտյան հարցաքննել է եւ նրան ներկայացրել անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք, նույն քրեական գործով, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։

Այս ամբողջը քաղաքական պրոցես է եւ իրավունքի մասին խոսելն անիմաստ է, ասել է Թովմասյանը։ Ըստ նրա՝ եւ մեղադրանքի առաջադրումը, եւ խափանման միջոցի կիրառումը իրավունքի հետ աղերս չունեն։ Շարունակելո՞ւ է պաշտոնավարել հարցին ՍԴ նախագահը պատասխանել է մեկ բառով. «բնականաբար»։

Թովմասյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ ՍԴ նախագահը պատմել է նաեւ, որ հարցաքննությունից հետո ինքը ցավ է հայտնել, որ քննիչը ներգրավված է ոչ թե իրավական պրոցեսների մեջ, այլ քաղաքական։

Եթե խաղաղ ժամանակներում հերոսներ եք փնտրում, ապա այդ հերոսները հիմա այս շենքում են, ՍԴ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշել է Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով նոր ընդունված օրենքին, որը ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն է տալիս:

«Ինձ չեն կարող ճնշել». Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանն ավելին չի ցանկացել ասել, անպատասխան է թողել նաեւ «արդյոք ՍԴ-ի նկատմամբ ճնշումներ գործադրվո՞ւմ են» հարցը։

Սահմանադրական դատարանի դատավոր Արեւիկ Պետրոսյանը չի պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից։ «Ես իմ կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով, պետականության ամրապնդմանը մասնակցելու բարձր պատասխանատվությամբ։ Ես հավատարիմ եմ մնալու ՍԴ դատավորի իմ երդմանը՝ լինել անկախ, անաչառ եւ իրականացնել սահմանադրության գերակայության ապահովման իմ առաքելությունը»,- հայտարարել է նա։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, լրագրողներին ասել է Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ Նա խուսափել է հարցերին պատասխանելուց, խոստանալով, որ հրավիրելու է մամուլի ասուլիս եւ պատասխանելու է բոլոր իրավական հարցերին։

Առավոտից Սահմանադրական Դատարանի բակում ընթանում էր բողոքի ակցիա, որին մասնակցում էին քաղաքական գործիչներ,  իրավաբաններ եւ իրավապաշտպաններ։ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ  ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է եւ քննիչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։

Այս գործողությունը պարունակում է քրեական հետապնդման տարրեր անձեռնմխելի պաշտոնատար անձի նկատմամբ, լրագրողներին ասել է  սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը, հիշեցնելով, որ նույն մտահոգությունները հայտնել էր նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի առնչությամբ։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, թե իրենց ընդդիմախոսները հատուկ են շեշտում, որ վաղաժամ կենսաթոշակի մասին օրենքն անպարկեշտ առաջարկ է, որպեսզի այն անձը, որ պոտենացիալ կարող է իրեն մեկնված ձեռքը սեղմել եւ հեռանալ, բարոյական ճնշում զգա։

Հասկացանք, մեծամասնության քվեն եք ստացել, բայց դա ձեզ իրավունք է վերապահում լինել անտակտ, ամբարտավան, իրավական նորմերը ոտնահարո՞ղ, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել ՀՅԴ գործիչ Արծվիկ Մինասյանը: «ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի»  օրենքի մասին Մինասյանն ասել է, թե կամավորության անվան տակ իրականացվում է պարտադրանք. «ներկայացնել մտրակը գեղեցիկ փաթեթավորմամբ, թե իբր տեսեք, ձեզ գեղեցիկ հուշանվեր ենք տալիս, իսկ իրականում դրա մեջ պայթուցիկ նյութ կա... Պայթուցիկն այն է, որ սա հակասահմանադրական ընթացքով գնացող գործողություն է:

Շատերը չեն միացել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու կոչին, քանր որ զգուշացել են հալածանքներից, 168.аm-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը։ «Նույնիսկ բարձր պաշտոն զբաղեցնող անձինք են զանգել որոշ մշակութային գործիչների եւ ամոթանք տվել կամ վատ դրության մեջ դնել»,– ասել է նա։ Լեւոն Քոչարյանի խոսքով՝ իշխանությունների այդ ջղաձիգ ռեակցիան նորից գալիս է ապացուցելու ատելությունն ու այլակարծության հանդեպ այս գրոհը, որն ուղղորդված է եւ առնչություն չունի հանրային պահանջի հետ։

ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ռազմական ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է ինքնաթիռների դիմավորմանը։ Facebook-ի իր էջում ուղիղ եթեր մտնելով՝ նա ցույց է տվել ինքնաթիռների ցուցադրական թռիչքը եւ նշել. «Սա շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի, հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում»: Այնուհետեւ վարչապետը բարձրացել է օդաչուի խցիկ։

Գյումրիի փողոցներով Նիկոլ Փաշինյանի շրջելու ընթացքում զվարճալի դեպք է տեղի ունեցել: Նրան մի կին է մոտեցել ու գրկել:

Անցած երեկոյան Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, հայերեն ու անգլերեն «Գուշակեք, ով է» գրառումով։ Նախաամանորյա խնջույքից արված լուսանկարում Արարատ Միրզոյանն է, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Լիլիթ Մակունցը եւ կիսադեմը ափով փակող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսանյութ՝  ՀՀԿ-ի ամանորյա կորպորատիվից։ Կադրերում Հանրապետականները հերթով մոտենում են Սերժ Սարգսյանին ու շնորհավորում նրա Ամանորը։ Խնջույքը տեղի է ունեցել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում։

Սկանդալային միջադեպ է գրանցվել Արցախի պաշտպանության բանակում, որը պարզաբանում է ներկայացրել զորամասի հրամանատարի կողմից զինվորների համար ուղարկված ծանոցները պատուհանից նետելու վերաբերյալ: Նշվում է, որ անվտանգության նկատառումներով զորամաս կտրականապես արգելվում է ծանրոցներում շուտ փչացող սննդամթերքի և ալկոհոլային խմիչքի առկայությունը: Ըստ ՊԲ հաղորդագրության, ստորաբաժանման հրամանատարը, այդպիսիք հայտնաբերելով, ցուցաբերել է անհարկի տաքարյունություն և արգելված ապրանքները սահմանված կարգով ոչնչացնելու փոխարեն, դրանք դուրս է նետել պատուհանից: Նա ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է բերման ենթարկվում նախօրեին Պռոշյյան փողոցում տաքսու տարեց վարորդին ծեծած  Mercedes G-ի վարորդին: Facebook-ում հրապարակված տեսանյութից երևում է, թե ինչպես է Բրաբուսի վարորդն իր ավտոմեքենայով հարվածում տաքսուն, ինչից հետո իջնում է մեքենայից ու սկսում հարվածներ հասցնել տարիքն առած վարորդին։ Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանություն հոդվածով։

Առեղծվածային դեպք Արագածոտնում. ժամը 11:15-ին Աշատարկի ոստիկանները  ահազանգ են ստացել, որ քաղաքի գերեզմանոցում կրակոցներ են հնչել: Ըստ Shamshyan.com-ի՝ այնտեղ ոստիկանները հայտնաբերել են Աշտարակի բնակիչ, 52-ամյա Սամվել Պապյանի դին, իսկ նշված վայրից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել նույնպես աշտարակցի 34-ամյա ատամնաբույժ Հակոբ Փայամջյանը: Նախնական վարկածով գումարային վեճի ժամանակ Պապյանը 2 անգամ կրակել է Փայամջյանի ուղղությամբ, ապա նույն հրացանով ինքնասպան եղել:

Ավիավթար Ղազախստանում։ 93 ուղեւորով Bek Air օդանավն առավոտյան Ալմաթիից օդ բարձրանալուց հետո ռադարներից կորել էր: Ավելի ուշ հրապարակվել են կործանված օդանավի լուսանկարները: Ավիավթարի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 15 մարդու: Դեկտեմբերի 28-ին Ղազասխանում սուգ է հայտարարված։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.23 դրամով եւ կազմել 479.50 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.46 դրամով ու հասել 534.07 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն ավելացել է 4.42 դրամով ու կազմել  626.56 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով եւ կազմել 7.74 դրամ։

Հայաստանի մի շարք շրջաններում հանգստյան օրերին սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը երկուշաբթի գիշեր կնվազի 3-4 աստիճանով։ Երեւանում շաբաթ եւ կիրակի օրերին սպասվում են անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +8+10։