Ես դեռ տեղյակ չեմ, թե արդարադատության նախարարությունն ինչպիսի  ռազմավարություն եւ մարտավարություն է որդեգրել սահմանադրական փոփոխությունների հարցում: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Իհարկե, «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացված կլինի մասնագիտական հանձնաժողովում, աշխատանքային խմբում եւ խմբակցության տեսակետն այնտեղ կներկայացնի»,-ասաց Մակունցը՝ հավելելով, որ դեռեւս թեկնածու չունեն, երբ կստանան ծանուցում, որ պետք է թեկնածու ներկայացնեն, իրենք կներկայացնեն:

«Ենթադրում եմ, որ ներկայացված կլինի պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցիչը»:

Դիտարկմանը, որ ՀԱԿ-ն առաջարկում է վերադառնալ կիսանախագահական կառավարման համակարգի, Մակունցն ասաց, որ բոլոր այն հարցերը, որոնք աշխատանքային խմբի անդամների մոտ կառաջանան, դրանք կդրվեն սեղանին եւ կքննարկվեն՝ իրենց հիմնավորումներով, փաստարկներով ու հակափաստարկներով:

«Իմ անձնական կարծիքն այնպիսին է, որ ես այս պահին նման անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց պետք է աշխատանքային խումբը քննարկի եւ ներկայացնի փաստարկներ, հակափաստարկներ, որոնց արդյունքում կկարողանանք հասկանալ, թե որ կողմն է ավելի ծանրակշիռ դիրքերից հանդես գալիս»,-ընդգծեց նա:

Մակունցը հավելեց, որ իհարկե, «Իմ քայլը» ունի մի շարք դիրքորոշումներ, որոնք կներկայացնի սահմանադրական փոփոխությունների փաթեթը ներկայացնելիս. «Այս պահին թույլ տվեք չներկայացնել»:

Ինչ վերաբերում է նրան, թե իշխանությունն ինչ նպատակով է որոշել սահմանադրական փոփոխություններ անել, նա ասաց. «ԱԺ մեկ տարվա աշխատանքում մենք պարբերաբար հանգել ենք մի շարք դրույթների, որոնք գտել ենք,  որ դրանք շտկելու միակ ճանապարհը սահմանադրական փոփոխություններն են:Քանի որ արդարադատության նախարարությունն արդեն որոշել է աշխատանքային խումբ ձեւավորել, մենք նույնպես մեր դիրքերից կներկայացնենք այն փոփոխությունները, որոնց անհրաժեշտությունը տեսել ենք: Թե կառավարությունն ինչ դիրքորոշում կունենա, դա կտեսնենք: Այս պահին դեռ վաղ է խոսել, թե ինչ փոփոխություններ կկատարվեն, որովհետեւ կարող են շատ տարբեր առաջարկներ ներկայացնել:  Բայց այն, որ մեր շեշտադրումը լինելու է նաեւ դատաիրավական համակարգի բարեփոխումները այդ փաթեթում, մեր ուշադրությունը սեւեռվելու է նաեւ դրա վրա»: