Հետախուզվող Գեւորգ Կոստանյանը պատրաստ է վերադառնալ եւ պատասխանել բոլոր հարցերին․ պայմանը հրապարակայնությունն է ու միջազգային կառույցների մասնակցությունը։ Մահացած զինվորի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին․ կիրակի նրանք փակել էին Արգավանդի խաչմերուկը։ Ժամանել են ոչ միայն մեծ թվով ոստիկաններ, այլեւ պաշտպանության նախարարը։  Հանրայինի «Լուրերը» խախտել է Հրայր Թովմասյանի  անմեղության կանխավարկածը, պատասխանատուն ՀՔԾ-ն է․  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտարարությունը։ «Իմ քայլի»  նախագիծը կշրջանցի 2 սահմանադրական մարմինների․ ահազանգում է իրավապաշտպանը։ Պետության ողնաշարը կոտրելու ամենակարճ ճանապարհը․ սահմանադրագետը զգուշացնում եւ «ուրախ ժամանց է մաղթում Սահմանադրության հետ վտանգավոր խաղերում»։ Ֆեյքերի ֆաբրիկայի «տնօրենն» ու ատելության խոսքի քարոզիչը․ «Հանրային վերահսկողության կենտրոնի» նախագահը մատնանշում է «հրահանգիչներին»։ Դանղաղ սպանություն․ Մանվել Գրիգորյանի պաշտպանը կոչնակ է խփում։  Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 360-ի, վարակվածներինը՝ անցել 17 հազարից․ գրանցվել է Չինաստանից դուրս առաջին մահվան դեպքը։     

Հետախուզման մեջ գտնվող նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, թե պատրաստ է վաղը եւեթ վերադառնալ եւ հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: Նա առաջարկել է քննարկումը կազմակերպել վարչապետի մասնակցությամբ, ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՔԾ պետի եւ Գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների եւ միջազգային փորձագետների, միջազգային կառույցների եւ դեսպանատների ներկայացուցիչների մասնակցությամբ: Եթե իրեն առաջադրված մեղադրանքը հիմնավորող մեկ ապացույց ներկայացվի, Կոստանյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի կրել քրեական պատասխանատվություն։

Կիրակի առավոտյան փակվել էր Արգավանդի խաչմերուկը. այստեղ ժամանած թվով ոստիկանները թույլ չէին տալիս հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատներին նրա դագաղը Երեւան հասցնել: Նրանք չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:

Խաչմերուկ հասած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մահացած զինվորի հարազատներին ասել է, թե այս դեպքն իր համար ինքնասպանություն չէ եւ ինքը  հետեւելու է  գործի ընթացքին: Հարազատները պահանջել են տալ այն զինծառայողի անունը, որն առնչություն ունի Վահրամ Ավագյանի մահվան հետ:

Ավելի ուշ նախաքննական մարմինը հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով, որ Ավագյանի մահվան դեպքով երեք զինծառայող է ձերբակալվել։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարությամբ ընդգծել է, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» եթերում խախտվել է Հրայր Թովմասյանի  անմեղության կանխավարկածը, ինչի պատասխանատուն առաջին հերթին ՀՔԾ-ն է: Լրատվամիջոցի համար օրենսդրությամբ պատիժ չի նախատեսվում, իսկ ժողովրդավարական երկրներում նման խնդիրները լուծում են լրագրողական ինքնակարգավորվող մարմինները, ասված է հանձնաժողովի հայտարարությունում:

Սահմանադրությունը փոխելու Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի շուրջ քաղաքական գործընթացների հերթական փուլն է, լրագրողներին ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ «Նախագծերն ակնհայտ հակասահմանադրական բնույթի են։ Դրանց նպատակն է լուծել իշխող ուժի կողմից Սահմանադրական դատարանի շուրջ արհեստական ստեղծված ճգնաժամը»,-նշել է նա։

Նույն թեմայով իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի նախկին թեկնածու Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս փոփոխություններից հետո պետությունը կհայտնվի անելանելի վիճակում։  Ըստ նրա, դրանց արդյունքում պետական մարմինները ստիպված են լինելու կիրառել հակասահմանադրական սահմանադրական նորմեր՝ խախտելով Սահմանադրության անփոփոխելի դրույթները, որոնք կազմում են մեր պետության ողնաշարը։ Հետևաբար, չկա պետության ողնաշարը կոտրելու ավելի կարճ ճանապարհ, քան այդ այդ ճանապարհով գնալը։ Մաղթում եմ Ձեզ ուրախ ժամանց Սահմանադրության հետ վտանգավոր խաղերում»,-նշել է նա։

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է երկրորդ նախագահի փաստաբանների ինքնաբացարկի միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կարծիքով՝ դատավորի նախորդ գործողությունները վկայում են նրա ոչ օբյեկտիվ եւ ոչ ինքնուրույն լինելու մասին: Վերաքննիչ բողոք է բերել նաեւ դատախազությունը, որը բողոքարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանության կողմին գործի նյութերն ամբողջ ծավալով տրամադրելու մասին: Փաստաբաններն էլ նշում են, որ կարելի այդ նյութերին անդրադառնալ փակ նիստում:

Մանվել Գրգորյանին դանդաղ սպանում են, ինչն անթույլատրելի է, հերթական անգամ ահազանգել է ԵԿՄ նախկին նախագահի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:  Պաշտպանը հիշեցրել է գեներալի հասցեին Վազգեն Սարգսյանի գովասանքի խոսքերը, այնուամենայնիվ ընդգծել, որ եթե դատարանը գտնի` մեղավոր է, թող երկարաժամկետ դատապարտվի, սակայն բանը ոչ մի կերպ դրան չի հասնում։

Իրենց պաշտպանյալի առողջական խնդիրների մասին ահազանգել է նաեւ Ֆինանսների նախկին նախարարի փաստաբանական թիմը: «Հատկանշական է, որ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական բողոքի նիստը տեղի է ունենում նրա առողջական վիճակի վատթարացման մասին բազմաթիվ ահազանգերին զուգահեռ», գրել են փաստաբանները եւ հիշեցրել, որ կալանքի 7 ամիսներին Խաչատրյանը առնվազն երեք անգամ հրատապ հետազոտության և հոսպիտալացման մասին տեղեկատվություն է հրապարակվել։

«Հանրային վերահսկողության կենտրոնի» նախագահ Բաբկեն Հարությունյանը հայտարարել է, որ «մի կողմից ունենք իշխանություն, որը, մեղմ ասած, թքած ունի հասարակական կարծիքի վրա, քանի որ բարձր տոկոսով է ընտրվել եւ ինչ ուզի՝ կանի, մյուս կողմից էլ կա քաղհասարակություն, որը դա չի հանդուրժում»: Պետական կառույցների աշխատանքի թափանցիկության եւ հաշվետու լինելու խնդիրներից մինչեւ այսպես կոչված ֆեյքերի ֆաբրիկա. Հարությունյանը խստորեն քննադատել է «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին եւ վերջինի ղեկավարին։ 

Չինական կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 360-ի, վարակված է ավելի քան 17 հազար մարդ: Գրանցվել է Չինաստանի սահմաններից դուրս մահվան առաջին դեպքը. Ֆիլիպիններում մահացել է 44-ամյա տղամարդ: Իսկ Հայաստանում արդեն կիրառվում են վիրուսի առկայության ստուգման թեստերը. վարակվածներ չեն հայտնաբերվել։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.09 դրամով եւ կազմել 478.85 դրամ:  Եվրոյի փոխարժեքն աճել է 2.25դրամով ու հասել 530.23 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.99 դրամով ու կազմել  626.00 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան է նվազել եւ կազմել  7.49 դրամ։

Փետրվարի 4-ին Հայաստանի մարզերի մեծամասնությունում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը առաջիկա գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երեւանում տեղումներ կլինեն երեկոյան ժամերին: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +2+4: