Ոստիկանության հատուկ հանձնաժողովի կողմից 2019 թվականի լավագույն օպերլիազոր ճանաչվեց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Օգսեն Հարոյանը: Որոշեցինք ծանոթանալ տարվա լավագույն օպերլիազորի աշխատանքային առօրյային, շնորհավորել, զրուցել ինչպես նրա, այնպես էլ գործընկերների ու ղեկավարների հետ:

Հանցագործությունների բացահայտման գործում քրեական հետախույզների աշխատանքն առանցքային նշանակություն ունի: Երեւան քաղաքի վարչության օպերլիազորներն անմիջական նախաձեռնությամբ իրականացվող աշխատանքներից զատ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում նաեւ տարածքային ստորաբաժանումների հետ, բացահայտում ինչպես ընթացիկ, այնպես էլ նախկին տարիներին կատարված հանցագործություններ, հայտնաբերում հետախուզվողների: Վկաների, դիակի, հանցագործության հետքերի, առարկաների, նաեւ իրեղեն ապացույց հանդիսացող փաստաթղթերի հայտնաբերումը նրանց գործառութային պարտականությունն է, եւ Հարոյանը 2019 թվականին այս վտանգավոր ու պատասխանատու գործում է լավագույնը ճանաչվել:

«Դեռ դպրոցական տարիներից երազել եմ իրավաբան դառնալ: Սովորել եւ ավարտել եմ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայի իրավագիտության ֆակուլտետը: 2012թ. աշխատանքի անցնելով ոստիկանությունում` զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ: 2017 թվականից մինչ օրս ծառայում եմ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում` որպես օպերլիազոր»,- ներկայացրեց իր անցած ուղին Օգսեն Հարոյանը: Սակայն տարվա լավագույն օպերլիազորի հետ մեր զրույցը ստիպված ենք ընդհատել: Տեղեկություններ էին ստացվել, որ ավազակային հարձակման համար հետախուզվողը տուն է վերադարձել եւ քիչ անց շենքից դուրս է գալու:

Մենք էլ հեթապահ խմբի հետ նշված հասցե մեկնեցինք:

Հարոյանը ցույց տվեց գործըներներին, թե հետախուզվողը որ հարկում է բնակվում, շենքի որ մուտքից է դուրս գալու: Իրավապահները դարանակալեցին: Սպասումի եւս մի քանի ակնթարթ` եւ հետախուզվողն արդեն ոստիկանների մեքենայում էր:

Միջոցառումը հաջողությամբ պսակվեց: Սակայն բերման ենթարկվածի վերաբերյալ անհրաժեշտ էր կազմել համապատասխան արձանագրություններ:

Ուստի զրույցը որոշեցինք շարունակել ավագ օպերլիազորի անմիջական պետի հետ` պարզելու, թե ինչու հենց Հարոյանին ներկայացրին լավագույն օպերլիազորի կոչմանը:

«Ավագ օպերլիազոր Օգսեն Հարոյանը ոստիկանությունում ծառայում է 2012 թվականից, աշխատասեր, պարտաճանաչ ծառայող է, հանձնարարությունները կատարում է ճիշտ եւ ժամանակին, վայելում անձնակազմի հարգանքն ու վստահությունը: 2019 թվականի ընթացքում Հարոյանը բացահայտել է հանցագործության 27 դեպք, դրանք հիմնականում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ են. սպանություն, ավազակային հարձակում, կողոպուտ... Հայտնաբերել է նաեւ հետախուզվողների: Եվ այս ամենը հաշվի առնելով` որոշվեց նրան ներկայացնել տարվա լավագույն օպերլիազորի կոչմանը»,-մեզ հետ զրույցում ասաց 7-րդ բաժանմունքի պետ Էդվարդ Անդրիասյանը:

Ոստիկանության կապիտանին դրական են բնութագրում նաեւ գործընկերները: «Նրա հետ ծառայելիս քեզ ավելի վստահ ես զգում,-ասացին,- ուշադիր է, ցանկացած իրավիճակում արագ է կողմնորոշվում»:

Որքան էլ ընդհանուր գծերով պատկերացնում էինք օպերլիազորի աշխատանքը, այնուամենայնիվ, օրվա հերոսին խնդրեցինք մանրամասնել:

«Քրեական հետախույզի աշխատանքը հետաքրքիր, բայց, միեւնույն ժամանակ, ամենածանր ու պատասխանատու ծառայություններից է: Լինում են իրավիճակներ, երբ պարզապես սխալվելու իրավունք չունես. իրավունք չունես հանցագործին օպերատիվ տեսադաշտից կորցնելու, դեպքի վայրում հանցափաստը չտեսնելու եւ այլն:

Ինչ վերաբերում է 2019 թվականի լավագույն օպերլիազորի կոչմանը, ապա դա կոլեկտիվ աշխատանքի արդյունք է: Նման պարգեւները պարտավորեցնում են ավելի լավ ծառայել»,-ասաց Հարոյանը:

Այսպիսին էր լավագույն օպերլիազորի մասին մեր բացահայտումը: Այլեւս զբաղեցնել չենք կարող: Նրան մաղթենք բարի ծառայություն եւ մասնագիտական նոր ձեռքբերումներ: