Երբ պաշտոնյայի հայտարարագրած գույքն իրականի հետ համեմատած կունենա 25 մլն դրամի տարբերություն՝ կսկսվեն ուսումնասիրություններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Նույնիսկ մեղադրանքներ են եղել, թե օրենքն ինչու «նախկիններին» ուղղված չէ: Բայց մինչեւ նրանց ուղղված որեւէ գործընթացը՝ մենք պետք է ստեղծենք իրավական դաշտ, որը կբացառի այսօր գործող որեւէ պաշտոնյայի նույնիսկ մտածել, որ հնարավոր է ապրել՝ ապօրինի եկամուտ ունենալու ձեւով։ Երբ պաշտոնյան հիմնավորում է իր գույքը, կարողությունը, եւ իրականի հետ 25 մլն դրամի տարբերություն է տալիս, ապա այս դեպքում սկսում են ուսումնասիրություններ»,-ասաց Իգիթյանը։
Նա ընդգծեց, որ փոփոխությունը գումար վերադարձնելու համար չէ, այլ մեծ կարողություններ ունեցող մարդկանց գույքն ու հաշիվներն ուսումնասիրելու նպատակ ունի.
«Երբ պաշտոնյան անցնում է պետական աշխատանքի, լրացնում է հայտարարագիր, որում ներկայացնում է բոլոր կարողությունները, եւ հետագայում ամեն տարի ներկայացնում է իր ստացած օրինական եկամուտներն ու ձեռք բերած գույքը: Եթե այդ մեկ տարվա ընթացքում հանկարծ եկամուտների տարբերություն տվեց, ապա կգործի այն մեխանիզմը, որը հնարավորություն կտա անձին նաեւ հիմնավորել տարբերությունը, հակառակ դեպքում ապօրինի ձեռք բերված գույքը կբռնագանձվի»։
Հարցին՝ արդյոք այդ նախագծով նպատակ կա՞ նախորդ իշխանության ներկայացուցիչների ունեցվածքը ուսումնասիրելու, Իգիթյանն ասաց. «Այդ նախագիծն ուղղված չէ նախկիններին։ Դա մթնոլորտի ստեղծման եւ կոռուպցիայի ամենօրյա եւ սիստեմատիկ աշխատանքի համար է արված։ Մենք պետք է ստեղծենք իրավական դաշտ, որը կբացառի ցանկացած պաշտոնյայի մտածել՝ ապրել անօրինական եկամուտ ունենալու ձեւով»։











