Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Հրազդանի ոստիկանները հաղորդում են ստացել, որ Միկրոշրջան թաղամասի տներից մեկում կնոջ դի կա։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ 81-ամյա տանտիրուհուն սպանել են․ դիակի զննությամբ հայտնաբերվել է կտրած-ծակած վերքեր։ Ժամեր անց, իրավապահները պարզել են, որ կնոջը հյուրընկալվել էր Հրազդանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ, որը վեճի ընթացքում խոհանոցային դանակով 10 անգամ հարվածել է տարեց կնոջը։ Լուսադեմին նա հայտնաբերվել եւ ձերբակալվել է։
Այսօր Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ միջին տարիքի մի տղամարդ փորձել է ինքնահրկիզվել: Նա շշով բենզին է լցրել վրան, սակայն ոստիկանները կանխել են զարգացումը եւ ձեռնաշղթա հագցնելով տեղափոխել բաժին: Ոստիկանները նրան առաջ էլ են տեսել քաղաքապետարան գալիս: Տղամարդը քաղաքապետարան էր եկել երեք մանկահասակ երեխաների հետ, որոնց նույնպես տարել են ոստիկանություն՝ հոր մոտ: Ավելի ուշ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ քաղաքացուն տեղափոխել են բուժհիմնարկ: Պարզվել է նաեւ, որ տղամարդն ունի 4 երեխա։
Քննչական կոմիտեի Երեւանի վարչությունում հարուցված քրեական գործով Աշտարակի ոստիկանները Օշական գյուղի իր տնից բերման են ենթարկել, այսպես կոչված՝ «օրենքով գող» 50-ամյա տղամարդու։ NEWS.am-ի տեղեկություններով՝ նա «Օշականցի Գեւորիկ» մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանն է։
Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցի հանցանքը հաստատվել է, բայց նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով, հայտնել են ՀՔԾ-ից։ Որոշումն ուղարկվել է դատախազություն` «Հաղթանակ» զբոսայգուն հարակից տարածքների գործարքներն առ ոչինչ ճանաչելու եւ գույքը պետությանը վերադարձնելու հարցը քննարկելու առաջարկով:
Երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել Ազգային անվտանգության ծառայությանը եւ Հանրային հեռուստաընկերությանը՝ զրպարտության համար: Իրավաբանի ներկայացուցիչը հայտնել է, որ հունվարի 30-ին «Հ1»-ի ռեպորտաժում նշվել է, թե Օրբելյանը 2018-ի մայիսից օգոստոս պարբերաբար կարգի խախտմամբ ելումուտ է ունեցել ՍԴ շենք, սկզբնաղբյուն էլ եղել է ԱԱԾ-ն։ Օրբելյանը հերքում եւ 2-ական միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գույքի ենթադրյալ վատնում կատարելու համար: Մինչեւ այդ Օհանյանն այդ գործով կասկածյալ էր. խնդիրը վերաբերում է «Ձորա ՀԷԿ» ընկերության օտարմանը, վատնված գումարն, ըստ ՀՔԾ-ի, անցնում է 1 միլիարդ դրամից։
Դատարանը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի նախագահի հայցն ընդդեմ վարչապետի։ Հրայր Թովմասյանը պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին՝ ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար եւ հերքել զրպարտչական տեղեկությունները։ Հիշեցնենք, որ հունվարին Փաշինյանը հայտարարել էր, թե 2018 թվականի մայիսից սկսած Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն։ Թովմասյանը տվել էր 20 օր՝ ապացույց ներկայացնելու համար, վարչապետն էլ ֆեյսբուքյան լայվով ցույց էր գրիչը, որն իրեն փոխանցել էր ՍԴ նախագահը։
Բազմաթիվ հրապարակումներ են եղել, թե պետական համակարգում ծրարով աշխատավարձ ստանալու դեպքեր են արձանագրվում, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը եւ վարչապետից հետաքրքրվել. ովքեր, որքան եւ ումից են ստացել նման գումարներ: Թանդիլյանը նկատել է, որ այսօրվա կառավարությունում էլ կան նախարարներ, որոնք նախկին իշխանությունների ժամանակ զբաղեցրել են բարձր պաշտոններ. «Արդյո՞ք դուք այդ հարցը ձեր նախարարներին ուղղել եք, թե ոչ եւ ինչ պատասխան եք ստացել, հարցրել է Փաշինյանի կառավարության նախկին անդամը:
Վարչապետին դիմել է նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, հիշեցնելով, որ նա ինքն է բազմիցս նշել, որ նախկին կառավարության օրոք նախարարները ծրարներով փող են ստացել. «հիմա ձեր կաբինետում նախկին կառավարությունից մարդիկ կան, օրինակ Ջանջուղազյանին հարցրե՞լ եք՝ ծրարներով փող ստացել է թե ոչ», հարցրել է Մարուքյանը:
Մինչեւ այդ, հերթական քառօրյայում օրակարգի թեժ քննարկումը վերաբերում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրինագծին: «Իմ քայլից» Սոնա Ղազարյանը հայտարարել է, թե այդ օրենքով իրենք կատարում են իրենց նախընտրական խոստումը։
Համալսարանը նոր ավարտած 25 տարեկան երիտասարդը չի կարող որոշել մարդու ճակատագիրը, Դատական նոր օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Ըստ նրա՝ եթե դատավորը պետք է այնպիսի լուրջ որոշում կայացնի, ինչպիսին է ցմահ բանտարկությունը, ապա նա պետք է գոնե կենսափորձ ունենա:
ԲՀԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանի համար էլ վիճելի է՝ որքանով է նպատակահարմար սահմանադրական օրենք ընդունելը սահմանադրական փոփոխություններից առաջ, քանի որ այդ օրենքը հնարավոր է չբխի նոր մայր օրենքի տրամաբանությունից։ Իսկ դատավոր լինելու համար, ըստ նրա, կյանքի փորձն անհրաժեշտություն է։
Մարտի 31-ին որոշվելու է Արցախի լինել-չլինելու հարցը. եթե Հայաստանի քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք, Արցախի Քարինտակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Ըստ նրա՝ Արցախի հարցով Հայաստանի իշխանության կուրսը շատ վտանգավոր է:
Զբոսաշրջային միկրոավտոբուսների վարորդները շարունակում են բողոքի ցույցերը՝ պահանջելով թույլ տալ կայանել Հանրապետության հրապարակի հարակից հատվածում: Քաղաքապետարանից նրանց առաջարկել են կայանել Սախարովի հրապարակում, վարորդները հրաժարվել են, պատճառաբանելով, թե տուրիստներն այնտեղ չեն գա:
Սիրիական Իդլիբ նահանգում զոհվել է եւս երկու թուրք զինծառայող, վեցը՝ վիրավորվել: Իդլիբում իրավիճակը սրվել էր փոետրվարի 27-ին, երբ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ զինյալները ձեռնարկել էին մասշտաբային հարձակման փորձ: Սիրիական զորքերի հարվածներից զոհվել էր 36 թուրք զինծառայող: Ըստ նույն աղբյուրի՝ սիրիական կրակի տակ հայտնված թուրք զինծառայողները եղել են ահաբեկիչների շարքերում:
Անցած կեսգիշերին մոտ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրել է պաշտոնական ընթրիքը, որի ընթացքում տղամարդկանց վրացական երգչախումբը կատարել է հանրահայտ «Թբիլիսո» եւ «Ով սիրուն, սիրուն» երգերը։ Փաշինյանը սելֆի է արել Վրաստանի վարչապետ Գախարիայի հետ, ձայնակցել տղամարդկանց երգչախմբին հայկական երգի կատարման ընթացքում։
Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել, տեղեկացնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը: Մարտի 4-ին լույսաշխարհ է եկել Մխիթարյանի որդին, որին ծնողներն անվանակոչել են Հենրիխ Մխիթարյանի հոր՝ Համլետ Մխիթարյանի անունով:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.25 դրամով ու կազմել 479.12 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.62 դրամով ու հասել 534.51 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.13 դրամով ու կազմել 612.41 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.08 դրամով ու հասել 7.29 դրամի։
Մարտի 5-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս տեղումներ չեն ակնկալվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2 +4, վաղը ցերեկը` +16 +18:











