Նախորդ իշխանությունները մեզ մասնատել են. այսօր մարդիկ կան, որ գիտակցաբար միանում են: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԵԿՄ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Ես չեմ եկել ԵԿՄ նախագահ ու ասել՝ ձեր կառույցը լուծարեք, եկեք միացեք Երկրապահին, ոնց որ նախորդ իշխանությունների ժամանակ էին անում: Ես եկել եմ ԵԿՄ, ասել եմ՝ եկեք համագործակցենք, տղերք: Անգամ նշել եմ՝ եթե պետք լինի, կգանք վարչության նիստ կանենք աֆղանցիների մոտ, պետք լինի «Տիգրան Մեծ»-ի մոտ կանենք, պետք լինի ապրիլյան պատերազմի մասնակիցների կազմակերպությունում կանենք: Այսինքն մենք միացել ենք իրար»,-ասաց Սասուն Միքայելյանը:

Դիտարկմանը, որ կա կարծիք, որ պետք է ապառազմականացնել ԵԿՄ-ն, Սասուն Միքայելյանն ասաց. «Եթե կարողանանք էս կառույցը նորմալ համալրել բանակի հետ, հետագայում եթե խնդիրներ լինեն երկրի սահմանների հետ կապված,. Մեծ դերակատարություն կունենա, որ արդեն ունեցել է: Մենք երբեք չենք խանգարի բանակի մոբիլիզացիոն ռեսուրսին եւ միշտ կլինենք բանակի կողքին»: