«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տներում կատարված գործողությունների արդյունքում Վարդանյանի 5-ամյա թոռնուհին սկսել է չխոսել։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Երբ որ ես մտա տուն եւ բարձրացա երկրորդ հարկ, տեսա ննջարանում՝ Արամ Վարդանյանի հինգ տարեկան թոռը, աղջիկ երեխա, մոր գրկին դողում է, իսկ դիմակավորված եւ զենքերը բաց, ննջասենյակում գոռգոռացող ոստիկաններ։ Դա զարհուրելի էր»։
Նշենք, որ կատարված գործողությունների արդյունքում բերման են ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը:
Փաստաբաններ նշեցին, որ իրենց ներկայացվել են արձանագրություններ, որոնցից պարզ չի դառնում՝ ինչու են ձերբակալել կամ բերման ենթարկել նրանց.
«Բերման ենթարկելու կասկածանքը՝ կողոպուտ եւ ինչ-որ առեվանգումն է։ Մենք տեղեկացված չենք եղել, թե ինչ կողոպուտի եւ առևանգման մասին է խոսքը։ Բազմաթիվ անգամ պահանջել ենք հասկանալ, թե ո՞ւմ են կողոպտել եւ առեւանգել։ Արձանագրությունում էլ գրել են՝ կողոպուտի եւ ինչ-որ առևանգման կասկածանքով։ Մեզ ասել են՝ բացատրության անհրաժեշտություն չկա»։
Փաստաբանները հայտնեցին, որ դիմելու են դատարան եւ վիճարկելու են ձերբակալումը. «Որովհետեւ նման ձերբակալում չի կարող ուղղակի լինել։ Նույնիսկ չեն ասում կասկածանքը։ 2016 թվականին կատարված ինչ-որ գործով է, ենթադրում ենք, որի դեպքում անգամ եթե անձը փախուստի չի դիմել, նրան չեն կարող ձերբակալել»։
Նշենք, որ փաստաբանները գործողությունները որակում են խուզարկություն՝ առանց դատարանի թույլտվության։
Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ծառայությունից նշել էին, որ Արամ Վարդանյանին կոնկրետ քրեական գործի շրջանակներում են ոստիկանության ծառայողները գործողություններ իրականացրել՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն իրենց ֆեյսբուքյան էջերում հայտարարություն էին տարածել՝ նշելով. «Այսօր՝ գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա:
Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաեւ կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետեւանքով երեխայի առողջությանը պատճառվել լուրջ վնաս»։











