Ես ուրախ եմ, որ մեր նախարարը, մարզպետը մնացել են պարգեւատրման հույսին: Դա նշանակում է, որ նրանք չեն գողանում, չեն թալանում: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը:
Նրա խոսքով, նախկինում անգամ պաշտոնյաները բացահայտ հայտարարում էին, որ իրենք անգամ աշխատավարձ էլ չեն ստանում. «Դե եթե հսկայական միջոցներ թալանում ես, բնականաբար, այդպիսի կարիք չի լինելու: Սա է խնդիրը, մենք պետք է ուրախ լինենք, որ մեր պաշտոնյաները աշխատավարձով ապրող մարդիկ են, պարգեւատրման հույսին մնացած մարդիկ են: Այո, ստեղից պետք է սկսվի, այո, պաշտոնյաները պետք է աշխատավարձի հույսին մնան, պարգեւատրման հույսին մնան, որ այնպես աշխատեն, որ բոլորի աշխատավարձն էլ բարձրանա: Դրա արդյունքը եղավ այն, որ 12 տարի ուսուցիչների աշխատավարձը չէր բարձրացել, մի տարում բարձրացրեցինք, 5 տարում թոշակները չէր բարձրացել, մեկ տարում բարձրացրեցինք»:
Պապոյանը հավաստիացրեց, որ պարգեւատրումները արվում են օրենքի սահմաններում եւ հաստատված են պետական բյուջեով. «Վերջնաժամկետը մարտի 31-ն է, կհրապարակենք մեր հայտարարագրերը եւ դուք կտեսնեք, թե ես օրինակ, ինչքան աշխատավարձ եմ ստացել: Այո, պետական պաշտոնյային պետք է գիշերը քնից հանեն, հարցնեն՝ քեզ որտեղից էս փաղը, ինքն էլ պատասխանի՝ այ էս բանկային հաշիվը նայեք, տեսեք, թե որտեղից այդ փողը»,-ասաց նա:











