Դժբախտաբար անձամբ ծանոթ չեմ եղել սպարապետի հետ, բայց շատ խորը ուսումնասիրել եմ, ուսումնասիրում եմ նրա ֆենոմենը, նրա գործունեության ակունքներն ու իմաստը։ Այս մասին այսօր՝ մարտի 5–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովը, որը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61–րդ տարելիցի կապակցությամբ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Շարմազանովի խոսքով՝ ինքը հպարտ է, որ Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀԿ–ի առաջնորդ։
«Նա գիտակցում էր համերաշխության եւ միասնության կարեւորությունը։ Մարդ, որը 1998 թվականին Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ գաղափարական միավորում կազմելով՝ մերժեց արցախյան կարգավորման փուլային տարբերակը։ Հպարտ եմ, որ նա եղել է իմ ուսուցիչ Անդրանիկ Մարգարյանի ընկերը, Սերժ Սարգսյանի մարտական ընկերը, յուրաքանչյուր հայի եւ յուրաքանչյուր հանրապետականի խնդիր պետք է լինի, ազգային հարցերում ապրել Վազգենավարի»,– ասաց Շարմազանովը։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչո՞ւ են կուսակցության մի քանի անդմաներ վերջերս լքել այն, Շարմազանովը պատասխանեց. «Շուտ են լքել, առնվազն մեկ ամիս առաջ կար այդ որոշումը։ Լքել են բարի ճանապարհ, ոչ առաջին լքողն են, ոչ՝ վերջին, կուսակցությունը կենդանի օրգանիզմ է կգնան էլ, կգան էլ, որեւէ սենսացի փնտրել պետք չէ»։
Լրագրողի դիտարկմանը, որ կան քննադատություններ, թե կուսակցությունը սպասարկում է Սերժ Սարգսյանի շահերը եւ միայն իր համար է ծառայում, Շարմազանովն ասաց. «Ես կանգնած եմ իմ կուսակցության գաղափարախոսության, Վազգեն Սարգսյանի գաղափարների, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի գաղափարների, որն այսօր իրականացվում է Սերժ Սարգսյանի ղեկավարության միջոցով»։
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանն իր դատավարության օրը խոսեց, ոչ թե դատավարության այլ Արցախի մասին, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Նախ առավոտյան կուսակցության գործադիր մարմինը այդ շինծու դատավարության վերաբերյալ գնահատական հնչեցրեց։ Մենք ասացինք, որ սա շինծու մեղադրանք է եւ ունի հստակ քաղաքական դրդապատճառներ։ Սերժ Սարգսյանը խոսեց արցախից, որովհետեւ Արցախը մեզ համար ամենակարեւոր հիմնահարցերից մեկն է։ Սերժ Սարգսյանն իր ողջ քաղաքական կարիեռան նվիրաբերել է մի գաղափարի՝ արցախյան խնդրի հայանպաստ, արդար լուծմանը։ Այսօր մենք գտնում ենք որ ոչ բարենպաստ պայմաններ են ստեղծվել բանակցային գործընթացում եւ Հայաստանում այն ինչ որ տեղի է ունեցել 2 տարի առաջ եւ շարունակվում է այսօր հիմքում ունի Արցախի ոչ հայանպաստ լուծումը։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Արցախում չլինի փուլային տարբերակ։ Երն այսօրվա գլխավոր բանակցողը՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարում է, որ արցախյան հիմնահարցի անկյունաքարը անվտանգությունն է, անհեթեթություն է։ Վաղը եթե Ադրբեջանն անվտագությունն ապահովի, եթե միջազգային խաղաղապահ ուժերը կամ ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը անվտանգությունն ապահովի, մենք կամ Արցախի ժողովուրդւ պետք է հրաժարվի՞ անկախության միջազգային ճանաչումից, իհարկե ոչ»։
Անդրադառնալով Սահմանադրական հանրաքվեին՝ Շարմազանով այն շինծու համարեց. «Սահմանադրական հանրաքվեն ոտքից գլուխ շինծու, հակասահմանադրական գործողություն է եւ մենք դրան մաս չենք կազմում այդ կեղծիքին»։











