Իմ հորը հեռացրել են համալսարանից հայացքների համար. հայտնի տեսաձայնագրություն կա, որը ես հրապարակել եմ, որտեղ նա աջակցել է ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսանողների, որից հետո հեռացրել են: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

Նա ասաց, որ չի էլ թաքցրել, որ 18 տարեկանում եղել է ՀՀԿ անդամ. «բայց ինձ չի կարելի մեղադրել, որ որեւէ մեկի հետ որեւէ կապվածություն եմ ունեցել: Նույն 2011-ին ինձ պետք է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տային մեկ դրույք ժամաքանակ, օրենքի կոպիտ խախտումով տվեցին ընդամենը 0.25 դրույք: Օրենքն ասում է, որ ասպիրանտուրան ավարտած, պաշտպանած անձին պետք է տան գոնե կես դրույք: Նախնական կար, որ պետք է մեկ դրույք լիներ, բայց էնպես ստացվեց, որ հայտնի պատճառներով ինձ ասացին, որ դու ժամ չունես: Իմ կողմից բարձրացված աղմուկի արդյունքում ընդամենը 0,25 դրույք տվեցին»,-ասաց Պապոյանը՝ հավելելով, որ 2008-ի հայտնի դեպքերից հետո որեւէ առնչություն չի ունեցել ՀՀԿ-ի հետ:

Գեւորգ Պապոյանն ասաց, որ ՀՀԿ-ական լինելը կամ որեւէ կուսակցության անդամ լինելը վիրավորական չէ, պարզապես ինքն անընդունելի է համարում, որ դա շահարկվում է եւ ասվում, որ ինքն իբր նախորդ իշխանությունների հետ համագործակցել է:

Դիտարկմանը, որ իշխող թիմում էլ մարդիկ կան, որոնք նախկին իշխանությունների ժամանակ պաշտոն են զբաղեցրել, ինչի մեջ ինքը մեղադրում է «Լուսավոր Հայաստանի» անդամներին, Պապոյանն ասաց. «Հետո ի՞նչ: Էդմոն Մարուքյանն ինձ ասում է՝ երբ դու վաճառող ես եղել, այդ ժամանակ ինչո՞ւ ՀՀԿ-ում հարցեր չես բարձրացրել: Ես էլ ասում եմ՝ դուք ԿԲ խորհրդի անդամ էիք աշխատում, Սերժ Սարգսյանի մոտ վարչության պետ էիք աշխատում, բաժնի պետ էիք աշխատում, սոցապի պետ էիք աշխատում Սերժ Սարգսյանի մոտ, գնայիք բարձրացնեիք»:

Հարցին, թե երբ ինքը անդամակցում էր ՀՀԿ-ին, այն ժամանակ ՀՀԿ-ն թալանչի չէ՞ր,, «Իմ քայլի» պատգամավորը պատասխանեց. «Դա եղել է 2006 թվականին, շատ բան այդ ժամանակ ուրիշ էր, նաեւ ես եմ ուրիշ եղել՝ եւ տարիքային առումով, եւ մտածելակերպով, եւ ընդհանրապես գաղափարական առումներով: Իմ հարազատ ընկերը խնդրել է անդամակցել»:

Իսկ գուցե հիմա էլ են խնդրել, որ ՔՊ-ին է անդամագրվել, դիտարկմանն էլ ասաց. «Ոչ, ես կարծում եմ, որ 18 եւ 3 տարեկանը դրանք տարբեր բաներ են»: